Ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն․ Զելենսկին պատասխանել է Պուտինին |azatutyun.am|
22:09 - 01 հուլիսի, 2021

Ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն․ Զելենսկին պատասխանել է Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վլադիմիր Պուտինի Ուկրաինայի և ուկրաինացիների մասին մի քանի արտահայտություններին, որ Ռուսաստանի նախագահն արել էր երկրի բնակիչների հետ ուղիղ կապով ամենամյա հարց-պատասխանի ժամանակ։

Զելենսկին ասել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն, ինչը պնդել էր Պուտինը։

«Չնայած նրանք պատմական ընդհանուր հատվածներ ունեն, հիշողություն, հարևանություն, ազգականներ, ֆաշիզի դեմ ընդհանուր հաղթանակ և ընդհանուր ողբերգություններ, բայց մենք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեկ ժողովուրդը չենք։ Եթե մեկ ժողովուրդ լինեինք, ապա Մոսկվայում պետդումայի շենքի վրա կծածանվեր դեղնա-երկնագույն դրոշը», - ասել է Զելենսկին, նկատի ունենալով Ուկրաինայի պետական դրոշը և մեկ ժողովուրդ լինելու մասին ևս մեկ նկատառում ներկայացրել․ «Հնարավոր չէ միաժամանակ խոսել մեկ ժողովրդի մասին և բացեիբաց գրավել մեր տարածքներն ու շարունակել սպանդը Դոնբասում»։

Հունիսի 30-ին անցկացված ուղիղ կապի ընթացքում Պուտինը նաև ասել էր, թե Ուկրաիանայի նախագահի հետ հանդիպելու իմաստը չի տեսնում, քանի որ Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող առանցքային հարցերը լուծվում են Վաշինգտոնում, մասամբ Բեռլինում և Փարիզում։

Զելենսկու խոսքերով՝ հասկանալի է, որ արտաքին կառավարման թեզերը պարզ քարոզչական մանտրա է Ռուսաստանում ներքին օգտագործման համար։ Նա ասել է, որ Ուկրաինաին վերաբերող բոլոր հարցերը բացառապես լուծվում են Ուկրաինայում և Ուկրաինայի պետության կողմից, այլ ոչ թե հարևան երկրում և հաստատ ոչ ստվերային միջնորդների կողմից, որոնք հիմա տնային կալանքի տակ են, կամ գտնվում են հետախուզման մեջ։

Զելենսկիի ակնարկը ենթադրաբար վերաբերում է ուկրաինացի ռուսամետ գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին։ Պետական դավաճանության և ազգային հարստության յուրացման մեջ մեղադրվող Մեդվեդչուկը Ռուսաստանի նախագահի հետ անձնական սերտ կապեր ունի, նրա դստեր կնքահայրը Վլադիմիր Պուտինն է։

Ուկրաինայի արտաքին կառավարման Պուտինի պնդումներին ի պատասխան Զելենսկին ասել է, թե «դա նույնն է, եթե ես օրինակի համար ասեի իսկ ռուսաստանցիներին ինչո՞ւ են պետք ընտրությունները, եթե ամեն ինչ որոշվում է բացառապես Կրեմլում»։

Ամեն դեպքում Զելենսկին ասել է, որ «պատրաստ է հանդիպել Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահին իսկապես հետաքրքրում է մի շարք ճգնաժամային հարցերի լուծումը, որոնք օբյեկտիվորեն առկա են Ուկրաինայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել