Պաշտպանը հայտարարել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանքի հնարավոր կիրառման մասին

 |armenpress.am|
16:33 - 01 հուլիսի, 2021

Պաշտպանը հայտարարել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանքի հնարավոր կիրառման մասին |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստի ժամանակ  Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ պատրաստվում է ներկայացնել փաստական հանգամանքներ այն մասին, որ քրեական գործն ապօրինի է։ 

Ամրամ Մակինյանն անդրադարձավ քրեական գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանի ցուցմունքներին (2021 թվականի փետրվարի 18-ին Սերգո Կարապետյանը մահացել է- խմբ.): Նա նշեց, որ Կարապետյանը երկու անգամ հարցաքննվելուց ամիսներ անց դիմում է ուղարկել ՀՔԾ՝ իր ցուցմունքը լրացնելու նպատակով, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 4-ին հարցաքննվել է, սակայն այդ հարցաքննության արձանագրությունը քրեական գործում չկա։ Պաշտպանը կասկած հայտնեց, որ հնարավոր է Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք է կիրառվել:

Գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ պաշտպանը դատարանում հայտարարություն է անում, որն իր մեջ կարող է ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություններ պարունակել:

«Եթե նման բան կա, թող կոնկրետ տեղեկություններ հայտնի կամ պարզաբանի՝ սա ինչ է նշանակում»,-հավելել է դատախազը:

Ամրամ Մակինյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Սերգո Կարապետյանն ունեցել է այցելություն ՀՔԾ, որի մասին քրեական գործում համապատասխան փաստաթուղթ չկա։ Պաշտպանը դատարանին միջնորդեց ՀՔԾ-ից և ՀՔԾ շենքի պահպանությունն իրականացնող ծառայությունից տեղեկություններ պահանջել Կարապետյանի հետ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել