ԱԺ-ն քննարկեց ՊՈԱԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|
16:00 - 30 հունիսի, 2021

ԱԺ-ն քննարկեց ՊՈԱԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է վերոնշյալ օրենքը լրացնել նոր մասով, համաձայն որի՝ օրենքով կարող են սահմանվել իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ի տնօրենների գործունեության արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ սահմանել:

Ըստ գործող օրենքի՝ հնարավորություն չի տրվում լիազոր մարմիններին, կախված ոլորտի առանձնահատկություններից, սահմանել տնօրենի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր: Նշված հանգամանքը նվազեցնում է լիազոր մարմինների դերակատարումը՝ տնօրենների աշխատանքի արդյունավետությունը չափելու և այն բարձրացնելու տեսանկյունից:

Հիմնական զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում լրացում կատարելու հրատապությունը, նշեց, որ դատական վեճեր կան, որոնք առաջացել են օրենքի բաց լինելու պատճառով:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը: Նշվեց, որ հանձնաժողովում ներկայացվել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության դրական եզրակացությունը: Նշվեց, որ գործադիրի առաջարկի հիման վրա օրինագիծը լրամշակվել է, ուստի Կառավարությունն առարկություն չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել