Բևեռացում, «անկանոն մարտեր». մասնագետները՝ ընտրություններին մեդիա ոլորտի խնդիրների մասին |armenpress.am|
15:10 - 25 հունիսի, 2021

Բևեռացում, «անկանոն մարտեր». մասնագետները՝ ընտրություններին մեդիա ոլորտի խնդիրների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղան «լակմուսի թուղթ» մեդիա ոլորտի խնդիրներն ընդգծելու, վերհանելու համար: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով, վերհանված խնդիրները վկայում են այն մասին, որ և՛ օրենսդրական դաշտում անելիքներ կան, և՛ մեդիայի հետ աշխատանքի անհրաժեշտություն ունենք:

«Այս ընտրություններին նեգատիվ խոսքն, ագրեսիան ամենաքիչը հեռուստառադիոեթերում էին: Հեռուստառադիոընկերությունները աշխատում են կարգավորող մարմնի հետ, լսում են, իրենց սոցիալական պատասխանատվությունն ավելի շատ են հասկանում: Տեսեք, թե ինչ էր կատարվում ինտերնետ հարթակում, այնտեղ պարզապես անկանոն մարտեր էին, ագրեսիան ավելի շատ այնտեղ էր»,-  ասաց Տիգրան Հակոբյանը: Ահա այս անկառավարելի լրատվական հոսքի պայմաններում վտանգվում է քաղաքացու՝ անկողմնակալ տեղեկություն ստանալու իրավունքը:

Տեսալսողական, տեքստային մեդիաների բովանդակության ծավալներն ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնների են հասնում: Աշխարհի տարբեր երկրներում, չվտանգելով խոսքի ազատությունն, այնուամենայնիվ, բովանդակության որոշ սահմանափակումներ են դնում՝ օրենքով, հատուկ կարգավորող մարմիններ ձևավորելով: Տիգրան Հակոբյանի խոսքով, փորձում են սահմանափակել նեգատիվ տեղեկատվական հոսքերը: Նա նկատեց, որ այդ սահմանափակումները մտցնում են և՛ կոշտ կառավարման, և՛ ամենադեմոկրատական երկրներում:

«Մեզ մոտ, ցավոք, այդ գործընթացն առաջ չգնաց: Հռչակվեց խոսքի ազատություն, այն պահպանվեց և այսօր լրատվամիջոցներն իսկապես ազատ են պետական ինստիտուտների միջամտությունից, սակայն երկրորդ քայլը չարվեց: Այսինքն՝ հավաստի տեղեկատվության ապահովման օրենսդրական նորմեր չսահմանվեցին: Դա է պատճառը, որ այսօր կարգավորող մարմիններն օրենսդրորեն չեն կարողանում կարգի հրավիրել լրատվամիջոցներին, որոնք մանիպուլյացիա են անում, ծայրահեղ չարության խոսք են տարածում: Եթե մենք դրանով չզբաղվենք, ապա կունենանք ոչ թե տեղեկատվական, այլ ապատեղեկատվական հոսքեր, որոնք չեն աշխատում հանրության շահի համար»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Ներկայացնելով օրինակներ՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ առաջարկում են սահմանել նորմեր, որոնք կբալանսավորեն ինֆորմացիան: Օրինակ, փաստերի, կարծիքների միջև հստակ տարբերություն լինի: Այսօր շատերը ոչ թե փաստեր են ասում, այլ փաստերի հետ կարծիքներ, ինչը մարդկանց շեղում է:

«Մյուսը ներկայացվող փաստերի, վերնագրերի ու տեսողականի վերաբերելիության խնդիրն է: Լինում է, երբ տեքստը մի բանի մասին է, պատկերը այլ բանի մասին է: Ասենք, քաղաքական դեմքի մասին է խոսվում, բայց պատկերում ոչխարներ, ուղտեր են և այլն: Հայհոյանքի մասին. ո՞րն է հայհոյանքը, ինչպե՞ս է սահմանված: Չկա այդ սահմանումը, թե որն է դա: Հետևաբար, լեզվի կոմիտեն, մեր կառույցը, մտավորականությունը պետք է աշխատեն հստակ սահմանումը տան, առաջարկ անեն, որ այս բառերը եթերում չհնչեն»,-ասաց նա:

Տիգրան Հակոբյանի խոսքով, մեդիա ոլորտի խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը օրենսդրության բարելավումն է, որը պետք է շարունակական գործընթաց լինի, ի վերջո նոր մարտահրավերներ են լինում, տեխնոլոգիաներն են զարգանում: Հաջորդը հասարակության հետ աշխատանքն է, վերաբերմունքի փոփոխությունն է:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, այս ընտրություններն ավելի ընդգծեցին հայաստանյան լրատվամիջոցների բևեռացումը: Եթե նախորդ տարիներին որոշ լրատվամիջոցներ թաքցնում էին, թե որ քաղաքական ուժին են սպասարկում, ապա այս ընտրությունների ժամանակ դա բաց երևաց: Այս առումով տեղի ունեցավ բյուրեղացում և լրատվամիջոցները բացահայտ ցույց տվեցին, թե որ ճամբարին են պատկանում: Երևաց, որ որոշ լրատվամիջոցներ գերադասում են առաջին հերթին քաղաքական հովանավորների շահերը, իսկ հանրային շահը մեծ հաշվով մղվում է երկրորդ երրորդ պլան: Աշոտ Մելիքյանի խոսքով, իրավիճակը բարելավելու համար անելիքներ կան օրենսդրական դաշտում:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել