Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ
11:26 - 25 հունիսի, 2021

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներին իր դերակատարումն է ունեցել մեր երկրի քաղաքական կյանքում, ինչը չափազանց գնահատելի է:

Նշվել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ, կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի:

Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ներքաղաքական իրավիճակի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել