Վահան Քերոբյան․ «Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է» |hetq.am|
15:44 - 24 հունիսի, 2021

Վահան Քերոբյան․ «Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է» |hetq.am|

hetq.am: «Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 86 000 տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավել է, քան անցած տարի։ Մինչ այս պահը 12 800 տոննա ծիրան է արտահանվել, ընդ որում՝ լավ գնով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։  

Խոսելով գնաճի մասին՝ Քերոբյանը նշեց, որ դրա համար էկոնոմիկայի նախարարությունը ուղիղ պատասխանատվություն չի կրում, պատասխանատվություն կրում է Կենտրոնական բանկը։

«Դա նաև անհանգստացնում է էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ մեր աշխատանքի իմաստը պետք է լինի մարդկանց բարեկեցության ավելացումը։ Նայում ենք՝ որտեղ կա էական գնաճ, փորձում ենք զսպել էդ գնաճը նաև ոչ դրամավարկային գործիքներով՝ սուբսիդավորումով, օգնելով, որ ավելի էժան ապրանքը հասնի Հայաստան և այլ մեխանիզմներով։ Կենտրոնական բանկի գործողությունները բերել են նրան, որ համարյա մտել ենք գնաճի թույլատրելի միջակայք։ Աշխարհում սարսափելի գնաճ է։ Գնաճի հիմնական բաղադրիչը ոչ թե Հայաստանում է, այլ Հայաստանից դուրս։ Եթե, օրինակ՝ ձեթը Ռուսաստանը թանկացրել է երկու անգամ, մենք ինչ էլ անենք, չենք կարող ձեթի գինը իջեցնել, եթե Հայաստանում ձեթ չենք արտադրում»,- ասաց Քերոբյանը։

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ պետք է փոխվի տնտեսության կառուցվածքը և ավելի քիչ կախված լինի միջազգային շուկայի գներից։ 

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ վերջին 4 ամսվա ընթացքում 70 000  մարդ է արտագաղթել Հայաստանից, Քերոբյանն ասաց, որ պետք է հանել սեզոնային աշխատողներին, որոնք գնացել են և սեզոնի վերջում վերադառնալու են․

«Արտագաղթը պետք է տարեկան կտրվածքով հաշվել, որպեսզի ճիշտ պատկեր ունենանք, բայց ես չեմ ժխտում, որ կա այդ միտումը։ Իհարկե, մարդկանց մի մասը հիասթափված է 44-օրյա պատերազմի արդյունքից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Լրագրողի այն հարցին, թե կառավարության աշխատանքից հիասթափված չե՞ն մարդիկ, Վահան Քերոբյանն ասաց․ «Հիմնականում պատերազմի արդյունքից, միգուցե՝ նաև կառավարության աշխատանքից, չեմ ժխտում։ Պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի այդ հիասթափությունը գնալու առիթ չդառնա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել