Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի |armenpress.am|
12:21 - 24 հունիսի, 2021

Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը կարծում է, որ 8-րդ գումարման խորհրդարանը որակապես ավելի լավ չի լինի, քան 7-րդ գումարման ԱԺ-ն էր:

Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում:

Մարուքյանն ընդունում է, որ ԼՀԿ-ի համերաշխության, միասնության օրակարգը պարտվել է: «Մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից: Ժողովրդի որոշումն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց նա:

Հարցին, թե խորհրդարանի այդ կազմով հնարավո՞ր է վերականգնել համերաշխությունը՝ Մարուքյանը դժվարացավ պատասխանել: «Կարող է գնան խորհրդարան, համերաշխ, սիրով իրար հետ աշխատեն, կարող է գնան ամեն օր կռվեն: Կտեսնենք, ամեն դեպքում չեմ կարծում, թե այս խորհրդարանը կլինի որակապես շատ ավելի լավը, քան նախորդն էր»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ձայների վերահաշվարկի գործընթացին ԼՀԿ-ն հետևում է: Մարուքյանը նկատեց, որ մեծ հաշվով դրա արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել: «Ես կարծում եմ՝ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Եթե ապացույցներ լինեն զանգվածային խախտումների վերաբերյալ, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք նման տվյալներ չունեն:

Մարուքյանը նկատեց, որ անգամ այն ուժերը, որոնք պատրաստվում են ՍԴ  դիմել, ուզում են նաև մանդատները վերցնել: «Հետևաբար, նաև իրենք էլ են ընդունում այդ արդյունքները: Վիճարկելու հարցեր կան, թող վիճարկեն,ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր դաշտն ընդունում է մեր ժողովրդի որոշումը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել