Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն․ Նիկոլ Փաշինյան
22:26 - 21 հունիսի, 2021

Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն․ Նիկոլ Փաշինյան

Երկրորդ առաջարկն եմ անում հանրային, քաղաքական կյանքի ձեզ հայտնի մասնակիցներին․ Դուք գիտեք, որ ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կաորղ էինք։ Մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինտիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի և անհատների քմահաճույքից, և այսօր արդեն «Ապօրինի գույքի բռնագանձման» մեխանիզմը գործարկված է, որը անխուսափելի գործելու է։ Բայց ես իմ նախորդ առաջարկի տրամաբանության մեջ ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդարական փոփոխությունների արդյունքում մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ գողացվածը ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ, և ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց էսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել։  Այս մասին այսօր ՔՊ կուսակցության հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում Փաշինյանը մասնավորապես ասաց․

«Վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն։ Եվ ես նաև հույն ունեմ, որ ժողովուրդը այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք, այո՛,  մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում պիտի գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական ներուժի համախմբմանը։ Ես նման երկխոսության կոչ եմ անում նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ մենք այս ընթացքում բանավեճ և հակադրություն ենք ունեցել։ Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա։ 

Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում՝ ձայն բազմաց, ձայն Աստծո, և Աստծո ձայնին, առավել ևս, որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի։ Եվ մենք պիտի նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես»։ 

Փաշինյանի խոսքով, ոմանք փորձեցին նորից իրենց նեղ քաղաքական նպատակների համար հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև և ընդգծեց, որ դա անթույլատրելի է։ Հայ ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին։

Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը, սյուռքը համատեղ մեկնարկել են Արցախի կառավարության հետ 100 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր Արցախում՝ բնակարանաշինության ենթակառուցվածքների համար, դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած։ Խոսքը վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված ներդրումներին։

«Հայաստանում ճգնաժամը հաղթահարված է, և մենք բոլորով վերադառնում ենք Արցախի Հանրապետությանը զորավիգ լինելու, մեր բանակը բարեփոխելու, մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, մեր խոստացած 500 մանկապարտեզները և 300 դպրոցները, 2600 կմ ճանապարհները կառուցելու, առնվազն 7% տնտեսական աճ արձանագրելու, պետական բյուջեի եկամուտները մեծացնելու, Հայաստանը և Հայաստանցիներին հարստացնելու աշխատանքին»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Ես ասում էի ձեզ, որ չի լինելու հետընտրական պրոցես, և հետընտրական պրոցես չկա ու չի լինելու, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել օրինական, արդար, և ժողովուրդը կայացրել է իր որոշումը։ Ժողովրդի կայացրած որոշման հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել