Մանախ մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել
19:38 - 21 հունիսի, 2021

Մանախ մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը (հանրությանը հայտնի Մանախ մականվամբ) համացանցի Ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր օգտատերերին հասանելի կարգավորմամբ ուղիղ հեռարձակում է կազմակերպել, որի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի, մասնավորապես՝ օրեր առաջ ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և այն անձանց հասցեին, ովքեր 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին՝ այսկերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ:

Նշված հեռարձակման ընթացքում Արթուր Այվազյանը հնչեցրել է նաև նույն անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով:

2021 թ. հունիսի 20-ին Ա. Այվազյանը ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:  

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել