Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան
11:42 - 21 հունիսի,2021

Միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չարաբաստիկ միջադեպի պատճառով առավոտյան նոր տուն հասա։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ միջադեպը հրահրող անձը ՔՊ կուսակցության վստահված անձ էր, որը մինչ այդ արդեն աչքի էր ընկել լկտի վարքով /տեսանյութը մեկնաբանություններում/։

Հայտնում եմ նաև, որ առաջացած հրմշտոցի մեջ կին չեմ նկատել և դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր բացի քաշքշուկի անմիջական մասնակիցներից, որևէ մեկը ֆիզիկապես տուժեր դրանից։ Անկախ այս ամենից, ակնհայտ է, որ եթե չլիներ քաշքշուկը, որևէ մեկը ֆիզիկապես չէր տուժի, բացի պետությունից, որի անունից խոսում են օրենքի տարրական նորմերի իմացության բացակայության պայմաններում այն ներկայացնողները։ Սրանք ստվերում են առանց այդ էլ անտանելի անկում ապրած պետական ինստիտուտների հեղինակությունը։

Միջադեպի հետ կապված մանրամասները քննվում են ոստիկանության համապատասխան բաժնում և հուսանք, որ քննության արդար անցկացման հարցում որևէ կասկած չի մնա։ Այնուամենայնիվ, պետք է փորձեմ վաղնևեթ կապի դուրս գալ տուժած կնոջ հետ և նրանից ներողություն խնդրել միջադեպի համար։ Հուսամ, որ նրան հասցված վնասվածքը ուղիղ ինձնից չի եղել, քանի որ իմ տեսադաշտում նա հայտնվել է արդեն միջադեպի ավարտից րոպեներ անց։

Հայաստանում մարտնչող տգիտությունը պետք է պարտվի ամեն քայլափոխի և այնժամ մենք կունենանք առաջ գնալու հնարավորություն»։

Ավելի վաղ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբից հայտնել էին․

«Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս:

Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում

Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը:

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել