ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյան
02:19 - 21 հունիսի, 2021

ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է․ Նիկոլ Փաշինյան

Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է։ Այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ; Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր։ Իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական շտաբում ելույթի ժամանակ։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով՝ մենք կրկին վերագտանք իրար՝ որպես մի ամբողջություն և, ահա՛, հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր մարզերի, բոլոր քաղաքների, գյուղերի բնակիչներին, ուզում շնորհ հայտնել Երևանի բոլոր բնակիչներին, բոլոր վարչական շրջաններին, բոլոր թաղերին։ Ուզում եմ թվարկել և հնարավորինս հասցեական դարձնել իմ շնորհակալությունները»,- ասաց նա՝ թվարկելով և շնորհակալություն հայտնեց բոլոր մարզերից անվանական։

Շնորհակալություններ հնչեցին նաև ՔՊ թիմին ուղղված։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը․ «Եթե առաջինը, ինչպես խոսել ենք, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն էր, 2021թ․-ին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, բայց այս անգամ պողպատե հեղափոխություն։ Եվ ինչ պայմանավորվել ենք, բոլորը հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն։ Բոլոր պայմանավորվածություներրը այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն բոլոր քաղաքներում և բոլոր մարզերում, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, գերատեսչություններում, ՏԻՄ-երում»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն․ «Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավական էֆեկտիվ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ։ Մենք ելնում ենք այն կանխավակածից, որ այդ երևույթները իսպառ վերացնել և չեզոքացնել հնարավոր չի եղել, և դրանք որոշակի ազդեցություն ունեցել ընտրությունների վրա»։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ են սկսելու ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման մասին։

«ՀՀ ժողովուրդը ՔՊ կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը, և նաև ինձ որպես ՔՊԿ վարչապետի թեկնածու՝ առաջնորդելու երկիրը։ Մենք առավելագույնը կանենք՝ քննարկելու և այս մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար։ Ուզում եմ այս ֆոնի վրա նաև շեշտել, որ օրենքի և իրավունքի դիկտատուրան այն հաջորդ ուղերձը և մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ և մենք ուղղակի չենք կարող հապաղել այդ մանդատը իրացնելու ճանապարհին»,- նշեց նա։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վաղը ունեն պլանավորված միջոցառում։

«Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել