Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են
07:57 - 20 հունիսի, 2021

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու պատասխանատվությունից։ Նա ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ ներառված կետերն իրականացնելուց հետո պատրաստվում էր այս ամիս հաշվետվություն ներկայացնել։ Հաշվետվությունից հետո պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ։

Այս տարվա սկզբից Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Վերջին հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ էր, ինչից հետո հայտարարվեց, որ հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, 7-րդ գումարման Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով ցրվեց։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 7-ին և տևեց մինչև հունիսի 18-ը։ Երեկ լռության օր էր։

Նախապես ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 26 քաղաքական ուժ, սակայն նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ընտրություններին։ Պատճառն, ըստ Ասրյանի, հետևյալն էր․ «Արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել»։ 

Այսպիսով, ընտրություններին մասնակցում է 25 ուժ, այդ թվում՝ 4 դաշինք, 22 կուսակցություն (կուսակցություններից երկուսը մասնակցում են միասնական ցուցակով)։ Ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող ուժերին՝ ըստ նրանք քվեաթերթիկների համարների հերթականության։

1․ «Արդար Հայաստան» կուսակցություն։ Այս կուսակցությունը նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը։

2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն։ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն։ «Զարթոնք»-ը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Զոհրաբյանը։

5․ «Ազատություն» կուսակցություն։ «Ազատության» նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին վարչապետ, կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

6․ «Պատիվ ունեմ» դաշինք։ Այս դաշինքում միավորվել են «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։

7․ «Միասնական հայրենիք» կուսակցություն։ Այս կուսակցությունը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Լուսինե Ավագյանը։ 

8․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն։ ՀԱՊ-ը նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Վարդանյանը։

9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է 7-ր գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ալյանս» կուսակցության հետ միասնական ցուցակով։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Ալյանս»-ի նախահագ, 7-րդ գումարման ԱԺ-ի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

11․ «Հանրապետություն» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։

12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը։

13․ «Ազատ հայրենիք» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Ազգային ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Հայ կառուցողական», «Պահպանողական»  կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։

15․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն։ Կուսակցությաբ նախընտրական ցուցակը գլխավորում էր Տիգրան Արզաքանցյանը, սակայն ԿԸՀ-ն մերժեց նրա գրանցումը: 

16․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Կարին Տոնոյանը։

17․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ ՔՈ ՍԴԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը։

18․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»։ Այդ դաշինքում միավորվել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած  «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և Լևոն Շիրինյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Արման Բաբաջանյանը։

19․ «Ազգային օրակարգ» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Արա Հակոբյանն է։

20․ «Վերելք» կուսակցություն։ «Վերելքը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Ալեքսան Մինասյանը։

21․ «Ազատական» կուսակցություն։ Այս կուսակցությունը նորաստեղծ է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

22-ը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության քվեաթերթիկի համարն էր։ Կուսակցությունն, ինչպես նշեցինք, չի մասնակցում ընտրություններին։

23․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։

24․ «Հայաստան» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

25․ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն։ ԱԺԲ-ն նորաստեղծ կուսակցություն է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Վահե Գասպարյանը։

26․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն։ «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

Արտահերթ ընտրություններից առաջ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում։ Օրենսգրքի հիմնական փոփոխությունն այն է, որ վերացվել են վարկանիշային (ռեյտինգային) ցուցակները, ընտրություններն անցակցվում են փակ համամասնական ընտրակարգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել