Հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կանխորոշած ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի կինն է
16:01 - 19 հունիսի,2021

Հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կանխորոշած ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի կինն է

Երեկ երեկոյան «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն հրապարակեց իր նախաձեռնությամբ իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրությունը քվեարկության նախապատվությունների վերաբերյալ։ Համաձայն հրապարակված արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեն հարցվածների 33%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,8%-ը, իսկ մնացած կուսակցությունների և դաշինքների օգտին քվեարկողների թիվն ավելի քիչ է։ 

Ստացվում է, որ հարցման արդյունքների համաձայն՝ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է հաղթահարել անցողիկ 5%-ի շեմը։ Դաշինքների դեպքում անցողիկի շեմը 7% է։ Նշված հարցման արդյունքներով կիսվել են civic.am և freenews.am լրատվական կայքերը։

Նախընտրական քարոզարշավի ավարտին ուսումնասիրությունների նման հետաքրքիր պատկեր ստացող ընկերությունը կապվում է իշխանության ներկայացուցիչների հետ։

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2005 թվականի հուլիսի 19-ին։ Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 19-ը անվանվել է ««Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական» ՀԿ, ապա վերանվանվել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ։ Վերջինս զբաղվում է PR խորհրդատվությամբ և հետազոտություններով։

ՀԿ-ն կատարել է մի շարք հետազոտություններ, որոնց թվում է նաև այս մեկը։ Համաձայն կատարված հետազոտության՝ 34%-ը կարծում են, որ Հայաստանի ապագան կլավանա, 38%-ը կարծում են, որ ապագան դանդաղ, բայց կլավանա, 3%-ը կարծում են, որ ապագան դանդաղ, բայց կվատանա, 9%-ը կարծում են, որ կվատանա, 14%-ը դժվարանում են պատասխանել, 2%-ը՝ հրաժարվում։

Նույն հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 44,1%-ը դրական է վերաբերում Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանին դրական է վերաբերում հարցվածների 13%-ը, Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 9,4%-ը, Սերժ Սարգսյանին՝ 3,8%-ը։

Հարցման այսպիսի արդյունքներ ստացող ընկերության տնօրենը Լիանա Բալյանն է։ Վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Լիանա Բալյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս 2020 թվականի ընթացքում մոտ 5 մլն դրամի աշխատավարձ է ստացել նաև ՀՀ կառավարությունից, սակայն նշված չէ, թե կոնկրետ ինչ ծառայությունների դիմաց։

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախկին տնօրենը եղել է հենց Ռուբեն Սարգսյանը, որը հետագայում աշխատանքի է անցել  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես նախարարի տեղակալ։ Սարգսյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա եղել է հետազոտություններ իրականացնող այս ընկերության հիմնադիր խորհրդի անդամ, իսկ տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ շարունակում է լինել հիմնադիր խորհրդի անդամ։

Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ հարցման արդյունքները կարող են պակաս արժանահավատ թվալ, քանի որ հարցում իրականացնող ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Սարգսյանն էլ հանդիսանում է հարցում իրականացնող ընկերության հիմնադիր խորհրդի անդամ։

Նարեկ Մարտիրոսյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել