Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը
20:14 - 18 հունիսի, 2021

Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր մասնակցել են նոր Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։

Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ Ծառայության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ և Ծառայությունն իրականություն դարձնելու հարցում բարձր գնահատել Արդարադատության նախարարության և Ոստիկանության հետ համատեղ աշխատանքը։ «Ինչպիսի՞ն պետք է լինի այն պարեկը, որն ապագայում պետք է պաշտպանի ձեր երեխաներին։ Պարեկի այդ կերպարի ձևավորման սկիզբը դուք եք այսօր դնելու»,- նշել է դեսպան Լին Թրեյսին և հաջողություն մաղթել նոր Պարեկային ծառայության աշխատակիցներին՝ պատասխանատու առաքելությունն իրականացնելու ճանապարհին։ 

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել  դեսպան Լին Թրեյսիին և նրա թիմին՝ նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին՝ պատվախնդիր ու կարևոր նախաձեռնությանը միանալու և պատասխանատու ծառայությունը ստանձնելու պատրաստակամության համար:

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ ժողովրդավարական պետություն կառուցելու ջանքերում հանրությանը ծառայող բարեվարք ոստիկանի կերպարի ձևավորումը Կառավարության առաջնահերթություններից է: «Ծառայել և պաշտպանել. սա է ժողովրդավարական հասարակությունում ոստիկանի կարևոր առաքելությունը։ Եվ սխալված չեմ լինի՝ ասելով, որ մեր հասարակությունը սպասում է Պարեկային ծառայության մեկնարկին»,- նշել է նախարարի առաջին տեղակալն ու վստահություն հայտնել, որ առաջնորդության դասընթացների ընթացքում ստացած նոր գիտելիքներն ու կարողությունները կօգնեն դասընթացի մասնակիցներին լավագույնս ծառայելու պետությանը և հանրությանը:

Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նաև Ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանին ու կրթահամալիրի անձնակազմին՝ կատարած մեծածավալ աշխատանքի համար։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունը՝ հատկապես ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում փորձագետների ներգրավման ու ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարությանը՝ բարեփոխումների այս կարևոր փուլում նոր Պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի և արդյունավետ համագործակցության համար:

«Նոր Պարեկային ծառայության գործարկման համար կարևոր նշանակություն ունի ղեկավար կազմի աշխատանքային հմտությունների կատարելագործումը: Վստահ եմ, որ բարձր որակավորման չափորոշիչներով անցկացված երկշաբաթյա դասընթացի ժամանակ ձեռք բերված մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտություններն արդյունավետ կկիրառվեն նոր ծառայության համար»,- ասել է փոխոստիկանապետը՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց բոլորն ականատեսը կլինեն այն արդյունքին, որի համար այսքան ժամանակ և եռանդ են ներդրվել։

Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել