Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը
22:29 - 17 հունիսի, 2021

Կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը

Առցանց հարթակում կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հերթական խորհրդաժողովը՝ Հայաստանի ներկայացուցիչ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախագահությամբ։
 
Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում աշխատանքային օրենսդրության պահանջների առավել տարածված խախտումներն ու տեսչական գործունեության ընթացքում հաճախակի հանդիպող խնդիրներն էին։
 
Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անդամ երկրների, արհմիությունների ներկայացուցիչներ։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն իր ողջույնի խոսքում կարևորել է մասնավոր հատվածի հետ մշտական կապի պահպանումը և պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ինչ նպատակով էլ որպես նախագահող երկիր ԱԱՏՄ-ն նախաձեռնել է Դաշինքի անդամ երկրների հասարակական հատվածի հետ առաջին հանդիպումը։
 
«Կարծում եմ, որ մի բան բնորոշ է բոլոր երկրներին՝ մշտապես պահել կապը մասնավոր հատվածի հետ և ուժեղացնել երկխոսությունը հասարակական սեկտորի հետ, որպես պետական կառույց լսելի լինել հանրության համար, դրանով նպաստել է՛լ ավելի լավացնելու պետական կառույցների գործունակությունը»,- ասել է Հ. Ավագյանը։
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Նա կարևորել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թ. վերոնշյալ դաշինքի նախագահության ստանձնումը և ոլորտային համագործակցությունը, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունն աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավակարգավորումների մշակման գործընթացում։
 
Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ՝ միգրանտ աշխատողների (այդ թվում` ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնածների) աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների աշխատանքային տեսչությունների միջև արագ արձագանքման համատեղ մեխանիզմների վերաբերյալ։
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի վերջին Հայաստանը ստանձնել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի 2021 թ. նախագահությունը: Դաշինքի լիիրավ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել