Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|
14:06 - 16 հունիսի, 2021

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: 

«Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը: 

«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն:

«Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը:

«Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի:

«Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա:

Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն:

«Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս:

ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է:

«Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել