Պետք է փոխել բանակի մարտավարությունը, տեսակը, ձևը, մոտեցումները․ Ալեքսան Մինասյան
14:38 - 15 հունիսի, 2021

Պետք է փոխել բանակի մարտավարությունը, տեսակը, ձևը, մոտեցումները․ Ալեքսան Մինասյան

 «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում եղած թերություններին։

«Ինքս լինելով պատերազմի դաշտում՝ տեսա՝ ինչ թերություններ մենք ունեինք, ինչ բացթողումներ ունեինք, այն պարագայում, որ մենք կարող էինք իսկապես դառնալ անառիկ մի պետություն։ Հայաստանի Հանրապետությունը կարող էր դառնալ ոչ թե բերդաքաղաք, այլ բերդապետություն, բայց դա չեղավ։ Ես տեսա չքողարկված մեր այն հակաօդային սարքերը, որոնք մեզ պետք է պաշտպանեին, իսկ պատերազմի հենց սկզբի ժամերին դրանք ոչնչացվեցին։ Ես տեսա խրամուղիների վիճակը, տեսա այն ինժեներական կառույցները, որոնք չկային, որոնք իսկապես պետք է անառիկ պահեին»։

Ալեքսան Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է փոխել բանակի մարտավարությունը, տեսակը, ձևը։ «Ունենալով գիտնականների լայն խումբ՝ հիմա մենք հաշվարկներ ենք անում, հաշվարկում ենք՝ ինչպիսին պետք է լինի մեր սահմանը՝ բացի այն, որ պետք է ժամանակ տրվի նաև գիտական հեղափոխություն անելու, բայց չպետք է խաբենք ինքներս մեզ։ Մենք այսօր խոսում ենք նրանից, որ  կարող ենք արտադրել ԱԹՍ-ներ, բայց հիմա եկեք ռեալ նայենք։ Մեր թշնամի պետությունը՝ Թուրքիան, իր համախառն ներքին արտադրանքով 58 անգամ գերազանցում է Հայաստանին։ Հիմա հարց է ծագում, եթե մենք արտադրում ենք մեկ թռչող սարք, իրենք, բնական է, ավելին կարտադրեն։ Մենք պետք է ունենանք ԱԹՍ-ներ, բայց լուրջ պայքարել այս պարագայում, մենք չենք կարող։ Այսինքն՝ խնդիր է առաջանում փոխել բանակի մարտավարությունը, բանակի տեսակը, ձևը, մոտեցումները»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն կա նաև փոխել ամբողջ պաշտպանական համակարգը։ «Մենք փոքր երկիր ենք։ Եթե  Սյունիքը նայենք, ընդամենը 42 կմ է, և երկկողմանի հրետանային զարկերով մենք կարող ենք լուրջ խոցվել։ Դրա համար մեզ անհրաժեշտ է, որ մեր վրա հարձկավողի սահմանում պատերազմը տեղափոխվի։ Իրենք հարձակվեցին, մենք պատերազմը պիտի տեղափոխենք իրենց սահման, որպեսզի կարողանանք ընդվզել իրենց հարձակումները։ Այսինքն՝ պետք է փոխել բանակը,  պետք է փոխել ամբողջ պաշտպանական սիստեմը՝ հակաօդայինից սկսած։ Հին բանակից պիտի մնա երևի 20 կամ 10%, և ոչ ավելին, պետք է խնդիրներ բարձրացնել նաև, որ մարդիկ գան սրտանց ծառայելու, ուզենան ծառայել»։

Ալեքսան Մինասյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է ապահովել սպաների սոցիալական վիճակը։ «Նախարարությունում նստած սպան նույնատիպ գումար է վաստակում, ինչ սահմանում ցեխ ու ջրի մեջ իր ներքին օրգանները փչացնող սպան, որը սառում է, թրջվում, մնոում անձրևի տակ երբեմն։ Այսինքն արդար պայմաններ պետք է ստեղծվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել