Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան
12:40 - 15 հունիսի, 2021

Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան

Արտահերթ ընտրությունները  ծրագրվեցին և հիմա իրականացվում են, որպեսզի վերացնեին 44 օրյա պատերազմից հետո  ստեղծված ճգնաժամը, բայց այս ամբողջ ընթացքը  ցույց է տալիս, որ ոչ միայն չեն վերացնելու, այլև ավելի խորացնում են, որովհետև պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամը նախ և առաջ բոլոր կողմերը վերլուծեին դրա ապատճառները, պետք է հասկանային, թե ինչու հնարավոր եղավ այդ պատերազը, ինչու սկսվեց, ինչու այդ ընթացքն ունեցավ։ Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավորի թեկնածու Տիգրան Պասկևիչյանը։ 

Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ այսօր պետք է շատ  լուրջ վերլուծությւոնների ժամանակաշրջան լիներ Հայաստանում, բայց տեսնում ենք, որ դա այդպես չէ, որ  այս արտահերթ ընտրությունները կողմերը փորձում են օգտագործել ինքնահաստատվելու, սեփական հավակնությունները  դրսևորելու և առաջ տանելու համար։ Պասկևիչյանի կարծիքով դա էլ առաջացնում է այս խոսույթը, եթե չկա լուրջ խոսակցություն, ուրեմն կա հայհոյանք, փոխադարձ մեղադրանք, ընդհուպ սեռական բնույթի արտահայտություններ։

Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից քաղաքական գործիչների՝ ատելության խոսք տարածելու մասին ելույթների վերատառությամբ հոդվածներին, Պասկևիչյանը շեշտեց, որ լրատվամիջոցների մեծ մասը այնպես չեն անում, որ Հայաստանում լուրջ քննարկում տեղի ունենա, դրանց մեծ մասը միշտ գնում է իրադարձությունների հետևից, միշտ փնտրում են «լայք» բերող թեմաներ և իրավիճակներ։

«Մի առիթով ասել եմ և հիմա նորից կրկնեմ, որ այս ատելությունը իր հետ բերեց 2018 թվականի թավշյա հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունը չնայած ուներ մեծ լոզունգներ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց ըստ էության առաջին օրերից ատելության խոսք գեներացնող երևույթ էր։ Մենք շատ լավ հիշում ենք, այդ ժամանակներում հանարպետականների տների վրա գնալը, այդ սև պաստառները, դագաղներ, ծաղկեպսակներ և այլն։ Ատելությունը այնպիսի բան է, որ ինքն իրեն վերարտադրվում է, դու ասում ես ատելության խոսք, դիմացինդ էլ է ասում։ Դիմացինդ էլ այնքան կիրթ ու հասուն  չէր, որ ատելությամբ չպատասխանի։ Որպեսզի այս ատելության մթնոլորտը վերանա, կարծում եմ, որ իշխանութունից պետք է հեռանան, կամ իշխանությանը մոտ չգան բոլոր այն ուժերը, որոնք ստեղծում են դա, և՛ ներկայիս իշխանությունն է, և՛ Ռոբերտ Քոչարյանն է,  և՛ այսպես ասած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը նախկին հանրապետականներն են։ Դրանք պետք է չլինեն, որպեսզի սա չլինի։ Նրանք, եթե եղան խորհրդարանում այդ ամբողջ խոսույթը տեղափոխվելու է խորհրդարանի դահլիճ»,- ասաց Պասկևիչկանը։

Պատգամավորի թեկնածուն նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը այնքան ստրատեգ կամ խորաթափանց գործիչ չէր, որ 2018 թվականի ամռանը կամ 2019-ին մտածեր, թե ոնց Ռոբերտ Քոչարյանին  բերի ասպարեզ, պարզապես նա արեց հիմար քայլեր և դրանց արդյունքում Քոչարյանը վերածնվեց։ Պասկևիչյանը հավելեց․

«Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի վերածննդի հեղինակն է։ Նա պարզապես վերածնեց Քոչարյանին, անհեռանկար, պոպուլիստական քայլեր անելով։ Այս ընտրությունները ոչ թե արվում են ճգնաժամի հաղթահարման համար, այլ  ունենք վերնախավերի պատերազմ, եթե կոպիտ ասեմ՝ հայաստանյան և  ղարաբաղյան վերանախավերը այս պահին պատերազմի մեջ են։ Սա վերնախավերի պատերազմ է, և այդ երեք նախագահների կոչը, որն արեց Տեր- Պետրոսյանը, առաջին հերթին այս պատերազմը կանխելու համար էր։ Ինչ էր ասում, ասում էր՝ մենք այս պատերազմի մարդիկն ենք, բոլոր երեք նախագահներս  և Նիկոլ Փաշինյանը, պատերազմը ինչ-որ կերպ ավարտվել է, ցավոք սրտի մեզ համար վատ ելքով, մենք բոլորս դուրս գանք և հնարվորություն տանք նոր ուժերի ստեղծել տեխնոկրատների կառավարություն և երկիրը հանել այս իրավիճակից»։

Պասկևիչյանը նշեց, որ եթե նույնիսկ եթե կողմերից որևէ մեկին հաջողվի 50+1 տոկոս ձայն հավաքել, միևնույնն է այս լարվածությունը վերջ չի ունենալու։ Նրա կարծիքով  պետք է նորից սպասենք արտահերթ ընտրությունների:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք պոպուլիստական քայլ էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատրաստ է իր որդուն գերի հանձնել Ադրբեջանին՝ հայ գերիների վերադարձի պայմանով։ Պասկևիչյանը պատասխանեց․

«Եթե իր որդուն գերիների դիմաց փոխանակելու հայտարարությունը պոպուլիստական քայլ չէր, ապա Փաշինյանը տասը րոպե չպետք  է մնա իշխանության ղեկի մոտ, եթե դա քաղաքական գործչի մտածված քայլ էր։ Չկա միջազգային հարաբերությւոնների այդպիսի մեխանիզմ, որ դու տանես քո որդուն հանձնես դրա դիմաց ինչ-որ բան ստանաս։ Ժամանակակից աշխարհում նման բան չկա, եթե մարդը դա չգիտի, ապա  տասը րոպե ավել չպետք է մնա իշխանության ղեկին, իսկ եթե գիտի և ասում է, ուրեմն խայտառակագույն պոպուլիզմ է»,- շեշտեց Պասկևիչյանը, հավելելով, որ իր կարծիքով ընտրություններից հետո շատ անհաջող խորհրդարան ենք ունենալու։ 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել