Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|
21:55 - 14 հունիսի, 2021

Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը եւ ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրին նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարները, պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը նշեց, որ իրենց կուսակցության ասելիքն արմատականորեն տարբերվում է բոլոր ուժերի ասելիքից, որովհետեւ մյուս բոլոր կուսակցությունները խնդիրների լուծումները պատկերացնում են եղած համակարգի ներսում, իսկ իրենք համակարգն արմատապես փոխելուն են կողմ:

«Ինչքան ուզում ես ներկիր, վերանորոգիր, փայլեցրու, «Ժիգուլին» «Մերսեդես» չի դառնա: Մենք 30 տարի «Ժիգուլի» ենք քշում, և ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք մի քիչ ներկել, փայլեցնել,  նոր մեքենա կդառնա: Չի լինի՝ ժանգոտել է, նեխել է, մատոռը խփել է, ժամանակն է փոխել համակարգը, դուրս գալ այս ճահիճից, այս ռուս-թուրքական աքցաններից»,- նշեց նա:

 

Հավելեց, որ մյուս ուժերը խոսում են իրար մեղադրելու, ցեխ շպրտելու համար, սակայն կարեւոր մի շարք հարցերի մասին այդպես էլ լռում են: Այդ հարցերից նա առանձնացրեց այն, որ գերմանական «Դոյչե Վելլեի» տվյալներով՝ Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը հոկտեմբերի 10-ին վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման վրա՝ պատերազմը դադարեցնելու և միջազգային խաղապահներ տեղակայալելու:

«Մենք հիմա կանգնած ենք ոչ թե սեւ-սպիտակ, նախկին-ներկա էժան, կեղծ ընտրության առջեւ, այլ կանգնած ենք քաղաքակիրթ աշխարհին միանալու, հյուսիս-հարավի տարանցիկ երկիր լինելու առջև, ինչը անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիաների, ինֆրակառուցվածքի զարգացման ներհոսքի երաշխիքներ կտա: Մենք կանգնած ենք ռուս-թուրք-ադրբեջանական աքցանում մնալու վտանգի առաջ, Սյունիքը, Գեղարքունիքը, պետականություն կորցնելու ընտրության առջև, որից հետո արդեն պարզապես Սևանի նկարը կկախենք Մասիսի նկարի կողքը և մեր կորուսյալ հայրենիքի նկարները կհամալրենք Սևանով, Սյունիքով, ու արցունքն աչքերին կերգենք՝ «Ո՞ւր էիր, Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ» երգը ու կբողոքենք հայի բախտից: Հունիսի 20-ին, գնալով ընտրության, լավ մտածեք, և տեսեք, թե այդ ապագան արժի՞ արդյոք այն 100 հազար դրամին, որ դուք վերցնում եք»,- ասաց Վահե Գասպարյանը:

Նրա խոսքով՝ քարոզարշավի 12 օրը շատ քիչ ժամկետ է՝ ժողովրդի բոլոր խավերին հասանելի դառնալու համար, բայց, այնուամենյանիվ, իրենց հնարավարությունների չափով  անում են առավելագույնը, ու դրա արդյունքում՝ իրենց ուժի նկատմամբ նկատում են դրական շարժ, որովհետև իրենք անկեղծ են ժողովրդի հետ, այն գաղափարներն են բարձրաձայնում, որոնք ժողովրդի սրտով են: Սա, ըստ բանախոսի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ժողովրդի մի ստվար զանգված, ընդհուպ մինչ 50 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, հիասթափվել են նախկին և ներկա իշխանություններից, եւ փնտրում են այլընտրանք:

Պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություներ, այդ փոփոխությունների արդյունքները արձանագրվելու են երկու հիմնական գործոնների ազդեցությամբ, դրանք են ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով տեղի ունեցող տարածաշրջանայնացումը:

«Ռուսաստանը լվացքի մեքենա չի կարող արտադրել, ի՞նչ ռեգիոն ձեւավորելու մասին կարող է խոսք գնալ: Դա ոչնչացող, նեխած  եւ սեւ բորբոս պատած համակարգ է: Մեղք է ուղղակի այս ժողովուրդը, որ այսքան տարի սնուցել է այս աշխարհակեր համակարգը, որի մահվան վերջնափուլի ականատեսն ենք մենք լինում: Եվ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ նեխած համակարգի գավառական դուրսպրծուկ-սպրդուկներ են, որոնք փորձում են այսօր մոլորեցնել ժողովրդին: Ռուսաստանը այլեւ գոյություն չունի որպես համաշխարհային ուժ, չկա նման բան: Ասեմ՝ որոնք են առհասարակ այն երեք գործոնները, որոնք առայժմ Ռուսաստանին ձեւականորեն պահում են այդ կարգավիճակում: Այդ բոլոր գործոնները խլվելու են Ռուսաստանի ձեռքից, քանի որ Ռուսաստանը թուլանում է: Այդ գործոններն են՝ ՄԱԿ-ի ավտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը,  միջուկային զինանոցը, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը: Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, ինչի՞ ենք մենք կառչել դրան, մենք այդքան մեր արժանապատվությունը կորցրե՞լ ենք, քա՞ղցր է սպանողի ձեռքը»,- եզրափակեց նա:

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել