Մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով  մեր անվտանգությանը տեր կանգնելով․ Արա Հակոբյան
13:54 - 14 հունիսի, 2021

Մեր անվտանգության խնդիրը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով․ Արա Հակոբյան

Կարծում ենք, որ հիմնական խնդիրը, որ մենք այսօր ունենք և այն մարտահրավերները, որի հետ մենք առերեսվում ենք, ներհայկական են։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակի առաջին համար Արա Հակոբյանը։

«Ներհայկական է հետևյալ իմաստով։ Մենք պատերազմում ենք արտաքին թշնամու հետ, մենք խնդիրներ ենք ունենում մեր արտաքին գործընկերների հետ, ընդհանուր առմամբ գտնվում ենք, կարելի է ասել, մեկուսացման մեջ, տապալել ենք մեր հնարավոր հարաբերությունները և՛ գործընկերների և՛ ոչ գործընկերների հետ, բայց դրա պատճառը ո՞րն է։ Պատճառը ներհայկական է։ Այսինքն՝ հայը տեր չի կանգնում իր երկրին, հայը չի ինքնադրսևորվում իր երկրում՝ որպես հայ։ Հայը բաժանված է հատվածների, կտորների, սև ու սպիտակի, և ներհայկական համերաշխության և ներհայկական հանդուրժողականության խնդիր ունենք։ Հայը՝ որպես ազգ, պետք է ինքնադրսևորվի, վերցնի իր ձեռքը իր երկրի և իր ապագայի կառավարումը, և առաջ գնա, որից հետո մնացած խնդիրները կսկսեն լուծվել։ Օրակարգում հայն է»:

Արա Հակոբյանի խոսքով՝ իրենց կարգախոսը՝ «Օրակարգում հայն է», համախմբան կոչ է ազգայնական արժեքների շուրջ։ «Սա համախմբան կոչ է բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են զգում, և որպես հայ պատրաստ են գործել, և որպես հայ պատրաստ են պատասխանատվություն վերցնել։ Որովհետև այսօր Հայաստանում մենք ունենք նաև բնակչություն, որը իրեն որպես հայ չի պատկերացնում։ Նա իր խնդիրների լուծումը տեսնում է իրենից դուրս, իր խնդիրների լուծումը տեսնում է որևէ փրկչի (դա կարող է անձ լինել, թե որևէ այլ երկիր) համատեքստում, և բնակչության այդ մասը՝ որպես հայ չի ինքնաարտահայտվում»։

Նա ասել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ լուծել է ոչ թե ապրելու, այլ գոյության խնդիր։ «Մենք դնում ենք որպես հայ, որպես պետություն լիարժեք և արժանապատիվ ապրելու խնդիր՝ ձևավորելով ազգային պետություն, ձևավորելով ազգային իշխանությունը»։

Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ նա նշել է, որ անվտանգության խնդիրը պետք է լուծել ինքնությունը ճանաչելով և ինքնության միջոցով անվտանգությանը տեր կանգնելով։ «Եթե մենք մեր անվտանգությունը որպես հայ չենք վերցնում մեր ձեռքը, չենք փորձում մեր հնարավորությունները ի սպաս դնել մեր անվտանգության սպասարկմանը, այլ ինչպես և այսօր արվում է, մեր անվտանգությունը տեսնում ենք մեզնից դուրս (հիմա դրա անունը ռուս կլինի, թե ինչ, բացարձակ կարևոր չի), մենք անվտանգ չենք և չենք լինելու, որովհետև կախված ենք լինելու ուրիշից, որը կորոշի՝ մեր անվտանգությունը լինի, թե չլինի, մենք ինչ չափի մեջ անվտանգ լինենք, կամ չլինենք։ Մենք մեր անվտանգությունը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և մեր ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով»

Նա նաև ասել է, որ արտաքին մարտահրավերներին առերեսվելու հիմնական պատասխանատվությունը հայ ժողովուրդը պետք է վերցնի իր վրա։ «Դրանից հետո պետք է փորձենք մեր միջավայրում և մեր անմիջական միջավայրում և ընդհանրապես աշխարհով համադրել մեր ազգային շահերը, մեր պետական շահերը,աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանային տերությունների հետ և փորձել համադրելով ընդհանրական շահեր ձևակերպել, գործընկերային հարաբերություններ ձևավորել, այդ համատեքստում սկսել լուծել մեր խնդիրները, այդ թվում անվտանգային»։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Արա Հակոբյանը նշել է՝ անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանը աշխարհքաղաքական հետաքրքրության գոտում է գտնվում։ «Պետք է հասկանանք, որ մենք  աշխարհքաղաքական հետաքրքրության գոտում ենք գտնվում և ունենք նոր իրողություններ մեր տարածաշրջանում։ Մասնավորապես պետք է հաշվի առնել, որ Չինաստանը ուղիղ հայտ է ներկայացրրել և արդեն գտնվում է տարածաշրջանում, Իրանի հետ պայմանագրի մասին եմ տվյալ դեպքում խոսում։ Մենք ունենք նոր իրողություններ։ Պետք է փորձենք վերականգնել մեր հարաբերությունները, որոնք  ժամանակին ունեցել ենք Ռուսաստանի հետ, փորձել այդ հարաբերությունները վերածել գործընկերայինի և, եթե հնարավոր է, ռազմավարական գործընկերայինի, օգտագործել այն ինտեգրացիոն ձևաչափերը, որում մենք գտնվում ենք նույն Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ը կլինի, թե ԵԱՏՄ-ն, առավելագույն օգտագործել և միաժամանակ այն հարցերը, որոնք բաց են մնում, փորձել նոր գործընկերների հետ մեր հարաբերությունները դարձնել նույնպես ռազմավարական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել