Փրկիչ իրականում չկա, ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք. «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու |armtimes.com|
13:19 - 14 հունիսի, 2021

Փրկիչ իրականում չկա, ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք. «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Նախընտրական քարոզարշավի համար հատկացված ժամանակն արդեն գրեթե կիսվել է, սակայն որոշ կուսակցություններ առայժմ պասիվություն են ցուցաբերում։ «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից հանրային միջոցառումներ, քաղաքացիների հետ լայնամասշտաբ հանդիպումներ չեն եղել։ Կուսակցության ֆեյսբուքյան էջում այս օրերին տարածվել են 1 րոպեանոց տեսանյութեր «Օրակարգում հայն է» կարգախոսով, որոնց միջոցով ներկայացվում են դիվանագիտության, գիտության, պետական կառավարման հարցերում մեծ դեր ունեցած հայ պատմական դեմքեր:

Կուսակցության էջում, սակայն, բացի այս հոլովակներից և կուսակցության ցուցակի թեկնածուների մի քանի հարցազրույցներից, տեղեկություն չկա, թե ինչ ձեւաչափով է կուսակցությունը պլանավորել՝ կազմակերպելու նախընտրական քարոզարշավը։ Նախընտրական քարոզարշավի ձեւաչափի, կուսակցության ծրագրերի մասին հարցազրույց «Ազգային օրակարգ» կուսակցության թեկնածու Հայկ Փայտյանի հետ:

Նշենք, որ վերջինս Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի պատմություն առարկայի նախկին ուսուցիչն է, ով դպրոցի մի շարք ուսուցիչների հետ միասին գործադուլ էր անում՝ կապված նոր տնօրենի նշանակման կապակցությամբ։ 

-Պարոն Փայտյան, նախընտրական այս բուռն շրջանում կուսակցությունները քարոզչական ակտիվ գործունեություն են ծավալում, սակայն ձեր կուսակցությունը կարծես թե պասիվություն է ցուցաբերում. չկան հանրային հանդիպումներ, կուսակցության ծրագիր չենք տեսնում ֆեյսբուքյան էջում: Ընտրողը ինչպե՞ս կողմնորոշվի ձեզ ընտրելու հարցում:

- Իրականում ստանդարտային ֆորմատով չկան հանդիպումներ, բայց հիմա ակտիվ գործում են ե՛ւ ֆեյսբուքյան, ե՛ւ տելեգրամյան, եւ՛ սոցիալական այլ էջերը, կուսակցության անդամները ամենօրյա ռեժիմով հարցազրույցների ու բանավեճերի են մասնակցում: Մեր տեսանյութերում, պաստառներում կուսակցության որեւէ դեմք չեք տեսնի: Մենք ներկայանում ենք «Օրակագում հայն» է կարգախոսով: Կա միայն հայը, ինչպես, օրինակ,  Աշոտ Առաջինն է, ով  ծայրահեղ վտանգավոր վիճակում արեց այն, ինչ կարողացավ: Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից իր առջև նպատակ է դրել ի վերջո դառնալ ամբողջ հայության կուսակցությունը:

Իրականում այն վիճակը, որում  մենք գտնվում ենք, մեզ  կրկին տանում է սխալ, կործանարար ուղիով, քանի որ նորից փրկիչներ ենք փնտրում, ամեն մեկը ինչ-որ մեկի մեջ է տեսնում այդ փրկչին, այնինչ փրկիչ իրականում չկա: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքն է փրկիչը: Ինչ վերաբերում է հադիպումներին, ապա դրանք  անպայման  լինելու են, նստելու ենք դեմ դիմաց ու խոսենք, բոլորի պես չենք ասելու՝ եկել ենք փրկենք, ոչ էլ՝ սրանից-նրանից վերցնենք, տանք ձեզ, ոչ էլ դրսից միլիադներ են գալու ձեզ համար: Կպատասխանեմ Չերչիլի պես. «Մի բան ենք խոստանում ՝քրտինք ու երկաթ, որը Հայոց աշխարհին փառք է բերելու»: Մենք հիմա ասում ենք՝ մենք չենք փրկելու, փրկելու է հայը, ով իրեն համարում է հայկական ժառանգության կրողը, ով գիշերը չի կարողանում քնել, ինքն է այս հարցը լուծելու: Ուստի ասում ենք՝ ոտքի՛ կանգնեք, ձե՛ր մեջ փրկություն գտեք:

-Նկատեցինք, որ Ձեր ընտրական ցուցակում հանրության լայն շրջաններին հայտնի քիչ անդամներ կան: Քանի որ շատ դեպքերում ընտրողներն առաջնորդվում են հենց հայտնի դեմքերով, չե՞ք կարծում, որ սա ձեր կուսակցության ընտրվելու շանսերը նվազեցնում է:

- Մեր առաջին համարը՝ Արա Հակոբյանը, դիվանագետ է եղել, Հնդկաստանում Հայաստանի դեսպանն է եղել, երկրորդ համարը՝ Արա Գասպարյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ է, անվտանգության համակարգում է աշխատել, ունենք կրթության ներկայացուցիչներ: Ու կարեւորն այն չէ, որ հայտնի լինես, այլ այն, որ անանցյալ չլինես: Եվ այստեղ էլ է դրված  նույն սկբունքը. մեր կուսակցությունը նախագահ չունի, այլ ունի խորհրդի նախագահ, այսինքն՝ բոլոր որոշումները ընդունվում են կոնսեսուսով:

-Որո՞նք են այն կարեւոր քայլերը, որոնք պատրաստվում եք անել խորհրդարանում հայտնվելուց հետո:

- Մեզ համար շատ կարեւոր է ներքին անվտանգության հարցը, ուստի պետք է բացահայտել գործակալական բոլոր ցանցերը, օտարի շահերը սպասարկողներին:

Բանակը արագ պիտի վերակազմավորվի: Մենք գիտենք, որ Հայաստանի բանակը այնքան կորուստներ չի կրել, որ համարվի ջախջախված: Պետք է հասկանանք մի բան, որ եթե պատերազմից վախենանք, միշտ ստանալու ենք այն: Առաջին բանը, որ հիմա պետք է անել, ազգայնական իշխանության գալն է, այսինքն՝ հայտարարում ենք՝ դեմարկացիա-դելիմիտացիա չենք ընդունում:  Մենք հայտարարում ենք,  որ Ադրբեջանը Արցախի տարածքային ամբողջականությունը խախտել է: Մեզ 30 տարի համոզեցին, որ պատերազմը վատ բան է, գնանք կեղծ խաղաղասիրության, զիջենք եւ այլն, այնինչ  30 տարի թշնամին որեւէ փոխզիջման մասին չէր խոսում, դեռ ավելին՝ հայատյաց սերունդ է մեծացնում: Նա նաեւ դեմարկացիա-դելիմիտացիա չարեց, կարողացավ պահել իրավիճակը՝ օգնելով, որպեսզի Հայաստանում  30 տարվա կտրվածքով ձեւավորվեն ապազգային իշխանություններ, այսինքն ՝ մսխվեց մեր հաղթանակի արդյունքները:

Միջանցքների, ճանապարհների բացումը եւս չենք ընդունում: Դա կնշանակի թուրքական աշխարհի միացում և որպես դրա հետևանք՝  թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանում: Միջանցքների, ճանապահների բացման արդյունքում՝ մի քանի միլիարդ դոլար կշպրտեն Հայաստանի կազմաքանդված տնտեսություն, ու ամբողջը կվերցնեն, Էրդողանի թեթեւ ձեռքով մեկ միլիոն մահմեդական կհայտնվի այստեղ, ու դրա ֆոնին ահասարսուռ արտագաղթ կլինի եւ վերջ, ու  առանց ջանքների՝ մտնելու են Երեւան:

Կրթությունը մեզ համար եւս անվտանգային կարեւոր բաղադրիչ է: Ուստի կրթական համակարգը պիտի մաքրվի, ու վերականգնվի պետություն - եկեղեցի ներդաշնակ հարաբերությունը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել