Սերժ Սարգսյան․ «3 տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ մեկի մասին բացատրություն չկա» |hetq.am|
22:52 - 11 հունիսի, 2021

Սերժ Սարգսյան․ «3 տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ մեկի մասին բացատրություն չկա» |hetq.am|

hetq.am: Սերժ Սարգսյանը և «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն այսօր հանդիպել են Վայոց ձորի մարզի բնակիչների հետ, որի ընթացքում Սարգսյանը նշել է, որ ներկայիս իշխանություններն իրենց մեղադրել են թալանի մեջ, սակայն մինչև հիմա, երեք տարվա ընթացքում, թալանի ոչ մի դեպք բացահայտված չէ։ Ըստ Սարգսյանի՝ գալիք ընտրություններից հետո նոր իշխանություններին շատ երկար ժամանակ հարկավոր չի լինի թալանչիներին բացահայտելու համար։

Սարգսյանի խոսքով՝ քար լռություն եղավ այն ասեկոսների մասին, որոնք կապված էին կազինոների հետ, և որևէ փաստ չներկայացվեց։ Ըստ Սարգսյանի՝ ներկա իշխանությունն իշխանության եկավ այն թեզերով, որ «Հայաստանը թալանում են», «կառավարում են օլիգարխները», «ժողովուրդը կեղեքվում է» և «Հայաստանում աղքատություն կա, որովհետև կան հարուստներ». 

«Ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշակի ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ այլևս Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, և դա պատահական չէր, սխալմունք չէր, լավ մտածված քայլերի հաջորդականություն էր»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո սկսվեց ընկերություն խոշոր սեփականատերերի հետ, և նրանք ընկերությունն ամրապնդելու համար սկսեցին «մուծվել» տարբեր ֆոնդերի։

«Կամաց-կամաց հասարակությունը տեսնում էր, որ փաբերում պարտքով պիվա խմողներն ինչպես են սկսել թանկարժեք մեքենաներով երթևեկել, ինչպես են բնակարաններ և տներ ձեռքբերում, բայց դա պիտի ունենա իր շարունակությունը։ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, (Խաչատուր Սուքիասյան) դարձավ բյուրեղյա, մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը»,- հավելեց Սարգսյանը։

«Երեք տարիների ընթացքում թալանի բազմաթիվ փաստեր են հրապարակվել, բայց որևէ փաստի մասին բացատրություն չկա... Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել