ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը
16:57 - 11 հունիսի, 2021

ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է օտարել ԵՊՀ՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող «Սև շենքը», չի համապատասխանում իրականությանը։ ԵՊՀ «Սև շենքը»-ի օտարման հարցը Կոմիտեում երբևէ չի քննարկվել։ Իրականում խոսքը գնում է նույն հասցեում գտնվող հողամասի՝ կից հրապարակված հողամասի հատակագծում, բաժանման սխեմայում նշագրումով առանձնացված 197.27 քառ. մետր մակերեսով հատվածի մասին, որն, ինչպես երևում է կից հրապարակված լուսանկարում, գլխավորապես ծառայում է որպես ավտոկայանատեղի և այլ նպատակով չի օգտագործվում։

 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանի կողմից ներկայացված հարցումը վերաբերել է բացառապես ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի մասնաշենքին կից ավտոկայանատեղիին, այլ ոչ թե՝ «Սև շենքը»-ին։ Կից հրապարակում ենք հարցումը։

Ի պատասխան հայտնել ենք, որ տվյալ հատվածի օտարման նպատակահարմարության հարցը պարզելու համար աշխատանքային կարգով քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ընդգծում ենք, որ քննարկումը չի ենթադրում տվյալ հատվածի օտարման մասին որոշման կայացում։

Պետական գույքի արդյունավետ կառավարմամբ շահագրգիռ բոլոր անձանց կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն՝ այն զուգորդելով սեփական անհիմն մեկնաբանություններով, և նման դեպքերում, արժանահավատ տեղեկատվության ստանալու համար, դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել