Քոչարյանն ասում է, որ համայնքների խոշորացման գործընթացը կասեցնելու են |hetq.am|
16:39 - 10 հունիսի,2021

Քոչարյանն ասում է, որ համայնքների խոշորացման գործընթացը կասեցնելու են |hetq.am|

hetq.am: Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքը կասեցնելու է համայնքների խոշորացման գործընթացը։ Այս մասին Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղում հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի 156-րդ կետում ասվում է, որ վերանայվելու են Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը։

Քոչարյանն անդրադարձավ այս թեմային Ալագյազի բնակիչներից մեկի արտահայտած դժգոհությունից հետո, որ խոշորացումից հետո գյուղ պետական աջակցությամբ սերմացու և պարարտանյութ չի հասնում։ Քոչարյանը շեշտեց, որ դրական բաներ էլ է լսել գործընթացի մասին, սակայն բացասականը գերակշռում է։

«Կասեցնելու ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունք ունենք։ Միգուցե այդ ընթացքում սխալ բաներ են արվել ու շտկելու կարիք կա։ Իսկ այն փաստը, որ ձեզ չեն տալիս սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, էս իշխանությունն է չորացրել։ Գյուղնախարարություն չկա, պատասխանատուն չկա, մեկը չկա, որ գյուղով զբաղվի։ Էս իշխանությունը գյուղի վրա խաչ է քաշել, ասում է՝ գյուղի հետ մենք գործ չունենք, գյուղացին հողի հետ ինչքան ուզում է, թող կռիվ անի»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը՝ հավելելով, որ իրենք գյուղնախարարությունը վերականգնելու են, գյուղատնտեսական սուբսիդավորման մակարդակը բարձրացնելու են և նպատակ ունեն այնպես անել, որ գյուղացին ոչ թե անընդհատ կռիվ տա հողի հետ, այլ արժանապատիվ կյանք ունենա։

Եզդիաբնակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հայ ժողովուրդը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, նրանց ավանդույթների մասին պետք է ավելի շատ տեղեկացված լինի, ուստի ըստ Քոչարյանի, ուսումնական ծրագրերում անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել, որպեսզի դպրոցից սկսած՝ մարդիկ ավելի տեղյակ լինեն ազգային փոքրամասնությունների մասին։

«Երբ որ պատերազմ է, ձեր երիտասարդները զորակոչվում են և պայքարում են։ Սա բոլորիս երկիրն է։ Միտքս այն է, որ մենք պետք է մի քիչ ուրիշ աչքով նայենք Հայաստանում ապրող փոքրամասնություններին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հավելենք, որ հունիսի 10-ին «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզում է։ Մինչև Ալագյազը, Քոչարյանն ու մյուսները եղել են Թալինում և Ծաղկահովիտում։ Այսօր հավաքներ ու հանդիպումներ են նախատեսված նաև Ապարանում և մարզկենտրոն Աշտարակում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել