ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանին միջադեպերը շարունակվելու են, մինչև հստակ պայմանագիր չստորագրվի. Լևոն Տեր-Պետրոսյան |armenpress.am|
16:23 - 10 հունիսի, 2021

ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանին միջադեպերը շարունակվելու են, մինչև հստակ պայմանագիր չստորագրվի. Լևոն Տեր-Պետրոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վեճերը, միջադեպերը շարունակվելու են, մինչև երկու երկրները հստակ պայմանագիր չստորագրեն: Այս մասին նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ անդրադառնալով սովետական սահմանների հնարավոր բացասական ազդեցությանն արցախյան հարցին:

«Թույլ տալ-չտալը մեզնից կախված չէ: Միջազգային հանրությունը՝ հանձին ՄԱԿ-ի,  Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ: Այստեղ ոչինչ չեք կարող փոխել: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն այդ սովետական սահմանն է: Սահմանային վեճերն անընդհատ լինելու են, մինչև վերջ ի վերջո Հայաստանն Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի: Դա ամեն օր է լինելու՝ գերիներ, հովիվներ փախցնել և այլն: Այդպիսի անկայուն վիճակ է»,-հավելեց նա: Հարցին, թե ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հարցի հետագա լուծումը Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենից ճիշտ չէ ճշգրիտ տեղեկություններ սպասելը:

«Պուտինը, Մակրոնը, Բայդենն այսօր խոսում են Նիկոլի (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան-խմբ.) հետ: Ես պետք է իմանամ, թե ինչպիսին է գործընկերների մտադրությունը: Նրանք դա ասում են միայն Նիկոլին: Ինչ վերաբերում է ռուսական զորքերին…սխալ պատկերացում կա, թե 5 տարի հետո ռուսական զորքերը հեռանալու են Ղարաբաղից: Ինչու եք պանիկա գցում, թե ռուսները 5 տարի հետո հեռանալու են»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղի բնակչությունը չհեռանա, նպաստի, որ պատերազմի հետևանքով դուրս եկածներ հետ գնան Արցախ: Այստեղ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել