ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ
10:00 - 10 հունիսի, 2021

ԱԺԲ-ն բողոք է հղել ԿԸՀ-ին՝ կապված քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի և բռնության կոչերի հետ

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը բողոք է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ Գլխավոր դատախազին։

«Հարգելի՛ պարոն Մուկուչյան

2021 թ. հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավի երկրորդ օրը, հունիսի 8-ին, ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված որոշ քաղաքական ուժեր աչքի են ընկել բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով, միմյանց սպառնալի վերջնագրեր ներկայացրել, քարոզել ոչ թե քաղաքական միտք, այլ՝ ատելության խոսք։ Այսօր՝ հունիսի 9-ին քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հրապարակել է նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ։
 
Այս ամենը կատարում են քաղաքական ուժերի առաջնորդները, այն է՝ վարչապետի հավանական թեկնածուները։
 
Ընտրական գործընթացի շահառուն ու իրավատերը ՀՀ քաղաքացին է։ Վերոնշյալ քաղաքական անթույլատրելի վարքագիծը հասցեագրված է ՀՀ քաղաքացուն։ Հրապարակայնորեն միմյանց հայհոյող ու սպառնացող քաղաքական «գործիչները» չեն թաքցնում իրենց առհամարանքն ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ քաղաքացու ու պետության նկատմամբ։
 
ՀՀ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»։
 
Օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը դա միայն քվեաթերթիկ տպելը կամ հանձնաժողովների կազմեր ձևավորելը չէ։ Դա միայն եթերաժամերը վիճակահանությամբ որոշելը կամ թեկնածուների ներկայացրած թղթերի ստուգելը չէ։
 
ԿԸՀ-ի իրական առաքելությունը շատ ավելի մեծ է, քան ընթացակարգային գործառույթներ իրականացնելը։
 
ԿԸՀ-ն պարտավոր է ՀՀ քաղաքացու համար ապահովել ոչ թե ձևական (ֆորմալ), այլ՝ բովանդակային ընտրություն բացառապես օրինականության չափանիշներով գործընթացին մասնակցող քաղաքական միավորների ու թեկնածուների մասնակցությամբ։
 
Սույն բողոքով պահանջում եմ հրավիրել ԿԸՀ-ի արտահերթ կամ հրատապ նիստ և քննարկել հունիսի 8-9-ին բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով հանդես եկած, ինչպես նաև սպառնալիքի ու ատելության խոսք տարածող և ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված բոլոր քաղաքական ուժերի (թեկնածուների) գրանցումը անվավեր ճանաչելու հարցը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել