«Կոկա-կոլա» ընկերության անունից մրցանակ խոստացող էջը կեղծ է
14:00 - 07 հունիսի, 2021

«Կոկա-կոլա» ընկերության անունից մրցանակ խոստացող էջը կեղծ է

Վերջին օրերին համացանցում տարածվում է մի հղում, որն, իբր, «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայքինն է։ Եթե հավատանք տարածվող հղմանը, «Կոկա-կոլա» ընկերությունն իր 20-ամյակի առթիվ մրցույթ է հայտարարել, և մրցույթում հաղթելու դեպքում պարգևը 100 000 դրամ է։ 

Նախ, «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայքը սա է՝ coca-colacompany.com, և պաշտոնական կայքի տեսքն ակնհայտորեն տարբերվում է տարածվող կայքի տեսքից։ Բացի այդ՝ «Կոկա-կոլա» ընկերությունը հիմնադրվել է 19-րդ դարում, և դժվար թե 2021-ին նշեր 20-ամյակը։

Տարածվող տեքստը գրված է ոչ ճիշտ հայերենով, ինչից կարող ենք ենթադրել, որ նախադասությունները թարգմանված են «Google translate» գործիքով, որն այլ լեզուներից հայերեն թարգմանությունները միշտ չէ, որ ճիշտ է կատարում։

Հղումը կասկածելի է այն պատճառով, որ միևնույն էջը տարածվում է տարբեր հասցեներով՝ mg9ro1.imagenestecnologicas.com, 324ew9.tsade.net, 3h3amyn.imagenestecnologicas.com, tzwromi.tsade.net։


Տարածվող բոլոր հասցեները գործող չեն, ապաակտիվ են, իսկ archive.org-ում այս հասցեներում պահպանված որևէ հղում չկա, այսինքն՝ չենք կարող իմանալ, թե այդ կայքերում նախկինում ինչ հրապարակումներ են եղել։

Տարածվող հղումներով բացվող էջի ներքևի հատվածում տեղադրված են մեկնաբանություններ, որոնք թողած ֆեյսբուքյան օգտատերերի մեծ մասն ասում է, թե շահել է 100 000 դրամ մրցանակը, սակայն մեկնաբանություններ թողած օգտատերերից ոչ մեկն իրականում գոյություն չունի, ինչը նշանակում է, որ մեկնաբանությունների հատվածը կեղծ է։

Հղումով անցելուց և մի քանի հարցերի պատասխանելուց հետո մարդիկ տեղեկանում են, որ շահել են 100 000 դրամ և հաջողությամբ ավարտելու համար պետք է հղումն ուղարկեն իրենց 10 ընկերների, ինչպես նաև մուտքագրեն էլեկտրոնային փոստի հասցեները։

Ըստ domainbigdata.com-ի տվյալների՝ imagenestecnologicas.com-ը ստեղծվել է 2014-ի մայիսի 6-ին։ Դոմեյնը գրանցած Յեսսի Օրթիզը (Yessi Ortiz)  գրանցել է նաև yessiortiz.com և aventurasdelmundo.com կայքերը։ Այս կայքերից առաջինը չի գործում, երկրորդ մուտք գործել փորձելիս էլ «Google»-ը զգուշացնում է, որ կայքը պաշտպանված չէ, և վտանգ կա, որ մուտք գործողների տվյալները կարող են գողանալ։

Իսկ tsade.net դոմեյնը ստեղծվել է 2009-ին։ Դոմեյնի հիմնադիրների մասին տեղեկություններ չկան։

Հաշվի առնելով, որ կասկածելի դոմեյններում գրանցված չգործող կայքերի հղումները ներկայացվում են որպես «Կոկա-կոլա» ընկերության պաշտոնական կայք, այնտեղ տեղադրվում են գոյություն չունեցող օգտատերերի մեկնաբանություններ՝ հավատացնելով, թե այդ օգտատերերը «Կոկա-կոլայի» մրցանակ են շահել, իսկ մրցանակը տալու համար մարդկանցից պահանջվում է էլեկտրոնային հասցեների տվյալներ մուտքագրել, կարող ենք ենթադրել, որ հղումը տարածվում է մարդկանց անձնական տվյալները գողանալու համար, հետևաբար՝ վտանգավոր է այս հղմամբ անցնելը և որևէ տվյալ այնտեղ մուտքագրելը։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել