ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ
17:19 - 04 հունիսի, 2021

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Ռուսաստանյան դիվանագիտական առաքելության ղեկավարը եղել է Հայաստանի՝ ռուս սահմանապահների կողմից պահպանվող ամենահարավային՝ ՀՀ-ի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման կետում, այցելել է «Կարճևան» սահմանային անցակետ, ինչպես նաև հանդիպել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է նաև «Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որը տարածաշրջանի խոշորագույն հարկատուներից ու գործատուներից է: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը, ներկայացնելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը, հայտնել է իրականացվող բնապահպանական միջոցառումների և այս տարվա հունիսի վերջին կոմբինատի՝ ամբողջապես փակ ցիկլով ջրօգտագործման անցնելու մասին, ինչը պրակտիկորեն բացառելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Ձեռնարկության ղեկավարը պատմել է նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղվող աջակցության ու սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման մասին», - նշված է հաղորդագրության մեջ:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել