Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել․ Արսեն Թորոսյան
12:06 - 04 հունիսի, 2021

Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել․ Արսեն Թորոսյան

Ես որակումների չէի տա, թե Ռուսաստանից վերադարձել են ձեռնունայն, կամ բանակցությունները արդյունք չեն տվել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրին, թե պաշտպանության նախարարը մոսկովյա բանակցություններից վերադարձել է ձեռնունայն։

«Բանակցությունները ամենաբարձր մակարդակով շարունակվում են, մոսկովյան բանակցությունները նույնպես բավական բովանդակալից են եղել, և հստակ շեշտադրումներ են արվել և դրանք շարունակվելու են, որ հասնենք այն հանգուցալուծման, որի մասին բազմիցս խոսել ենք, ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր ԶՈւ աշխատանքի արդյունքում»,- ասաց նա՝ հավելելով, որ շարունակական բանակցությունների վերաբերյալ եթե հանրությանը անհրաժեշտ լինի տեղեկատվություն հայտնել, ապա դա պաշտոնական կերպով կարվի, ինչպես մինչ օրս արվել է։

Թորոսյանի խոսքով՝ հաջորդ հանդիպման օրվա, ժամի կամ մասնակիցների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունի, բայց ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն առնչվում պետական գերատեսչությունների աշխատանքի և աշխատանքի ինտենսիվության վրա։

«Մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը, որ ադրբեջանական ուժերը օր առաջ դուրս գան մեր տարածքից։ Իրավիճակը լարված է և շարունակում է մնալ լարված։ Բանակցությունների ձեռքբերումը գնահատելու համար ժամանակ է պետք, ձեռքբերում կա, այն իմաստով, որ ամենաբարձր մակարդակով մեր անվտանգային համակարգում մեր գործընկերոջ հետ կա փոխըմբռնում, թե ինչպիսին պետք է լինի հարցի լուծումը։ Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի դա տեղի ունենա, առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ, մանավանդ Հայաստանում»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Թորոսյանը հայտնեց, որ որևէ փաստաթղթի մասին խոսելն անիմաստ է․ «Որևէ փաստաթուղթ ինքնին  պայմանավորվածությունների արձանագրումն է թղթի վրա, վերջնական արձանագրված պայմանավորվածություններ չկան»;


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել