Զրո քվե ճգնաժամին․ Քաղաքացու որոշում կուսակցություն
17:10 - 01 հունիսի, 2021

Զրո քվե ճգնաժամին․ Քաղաքացու որոշում կուսակցություն

Երեկ՝ 31․05․2021թ․ տեղի ունեցավ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների մասնակցող կուսակցությունների գրանցումը։ Քաղաքացու որոշում կուսակցության գրանցումը նույնպես հաստատվել է։ Այս մասին տեղեկանում ենք  «ՔՈ» կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունից։

«Պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ հանդես ենք եկել ներքին կայունության, համախմբման և ճգնաժամը խաղաղ հանգուցալուծելու օգտին։ Այդ նպատակով առաջարկել ենք ձևավորել չեզոք կառավարություն, որն ընդունելի կլինի բոլոր ճամբարների համար։ Այդտեղ մենք տեսնում էինք մեր մեջքը ուղղելու և այսօրվա մարտահրավերներին պատրաստ և միասնական ներկայանալու հնարավորություն։

Ցավոք, քաղաքական ճամբարներն առավելագույնը ստանալու մոլուցքը վեր դասեցին ողջամտության և ուժերի վերականգնման հրամայականից։ Եվ երկիրը ներքաշվեց մի ընտրությունների մեջ, որը կարող է էլ ավելի անկայուն և բևեռացված վիճակ ձևավորել, ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցեր առաջացնել՝ պետությունն առավել խոցելի դարձնելով ճգնաժամերի առաջ։

Այս ընտրություններն ուղիղ հակապատկերն է այն իրավիճակի, որը պահանջում էր ժողովուրդը 2018թ․՝ դնելով քաղաքական համակարգի առողջացման խնդիր։ Այդ պահանջը սպասարկելու օրակարգով ընտրված ուժը համարժեք քայլեր չձեռնարկեց այդ ուղղությամբ և ինքը թաղվեց արատավոր համակարգի բարքերի մեջ՝ առաջնորդվեց բևեռացման, թշնամանքի, թայֆայականության, օլիգարխացման սկզբունքներով։

Անցյալը գաղջ է, ներկան դժգույն, իսկ ապագան, եթե այս համակարգը շարունակի գոյություն ունենալ՝ գորշ։ Այս համակարգի նախկին և ներկա դերակատարներն անգամ չեն խորշում սեփական իշխանությունը գնելու ճանապարհին Հայաստանի ինքնիշխանությունը մանրադրամ դարձնելուց։

Քաղաքացին ու մարդը դուրս է թողնված քաղաքական գործընթացից, և այս ճամբարներն ամեն ինչ անում են, որ շարունակի դուրս մնալ։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հենց այն նպատակով, որպեսզի հույսը չկորցրած, սեփական երկրի նկատմամբ իրավունքները վերահաստատելուն միտված քաղաքացիները ունենան ընտրելու և իրավիճակը փոխելու հնարավորություն։ Ինքներս տեսնում ենք այդ հնարավորությունը և ամեն ինչ անելու ենք, որ մեր մանկությունը գողացած, պատանեկությունը փչացրած, երիտասարդությունը վատնած քաղաքական համակարգը չգողանա մեր երեխաների ապագան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել