Վարչապետի առաջարկին առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության կողմից արձագանք եղել է․ Մակունց
12:42 - 31 մայիսի, 2021

Վարչապետի առաջարկին առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության կողմից արձագանք եղել է․ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր՝ խորհդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրաժարականի թեմային։  

Հարցին՝ արդյոք պատճառը դիտորդների տեղակայման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի նիստում արած հայտարարությունն է եղել, Մակունցն ասաց․ «ԱԽ նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել։ Մնացյալ դրդապատճառների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»։

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դիտորդների տեղակայման վերաբերյալ արձագանքներ եղե՞լ են։ «Բոլորդ հանրային կերպով տեսել եք  թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը, որը, ըստ էության, արձագանք էր վարչապետի առաջարկին։ Եղել է արձագանք Միացյալ նահանգների կողմից, առանձին արձագանքներ հնչել են թե՛ Կանադայից,  որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ տարածքում հստակ։ Գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների կողմից, այդ թվում՝ Լիտվայի։ Մենք կարող ենք այս պահին ամրագրել, արձանագրել, որ հանրային արձագանքը առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ»,-ասաց Մակունցը։

Յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց, որ կան արձագանքներ, բայց պետք է հասկանալ, որ այդ գործընթացը մեխանիկական գործընթաց չէ։ «Որևէ առարկա որևէ տեղից վերցնել տեղափոխելու խնդիր չէ, պետք է հասկանանք, որ առաջարկը արվել է միջազգային հանրությանը, և նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Այս երեք երկրները ներգրավված են Մինսկի խմբում, և երեք կողմից էլ եղել է պատրաաստակամություն։ Հիմա, մեր կարծիքով, Ադրբեջանի դաշտում է, այսինքն՝ որոշողը ըստ էության իրենք են»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը,  ըստ որի «Հայաստանը ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը, Լիլիթ Մակունցն ասաց․ «Ես հակված եմ մեջբերել ՀՀ վարչապետի պաշտոնական տեսակետը և խոսքերը, ոչ թե Ադրբեջանի նախագահի, ինչը և կոչ կանեմ և կխնդրեմ անենք բոլորս։ Վարչապետը նշել է, որ խոսք է գնում և խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և ոչ թե միջանցքի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել