Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելությունը անհրաժե՞շտ էր հաղթահարել, թե՞ ոչ․ դատարանում բողոքի քննությունն ավարտվում է |hetq.am|
11:15 - 31 մայիսի, 2021

Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելությունը անհրաժե՞շտ էր հաղթահարել, թե՞ ոչ․ դատարանում բողոքի քննությունն ավարտվում է |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, ամենայն հավանականությամբ այսօր կավարտի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) բողոքի քննությունը, որով Վարդազարյանը վիճարկում է իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշումը։ Բողոքի գործով մի քանի դատական նիստ է տեղի ունեցել՝ մի մասը դռնփակ, որի ընթացքում քննության առարկա են դարձել ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանի և դատախազ Աշոտ Ժամկոչյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները՝ դատավոր Դավիթ Հարությունյանին։ Դատարանը ինքնաբացարկի միջնորդությունները մերժել է, հետո որոշում է կայացվել նիստը դռնբաց դարձնելու։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է։ Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ապրիլի 14-ին որոշում է կայացվել Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ստորև ներկայացնում ենք այն հիմնական հարցերը, որոնք քննարկման առարկա են դարձել գործով մի քանի դատական նիստերի ընթացքում։

Բողոքարկման ենթակա՞ է մեղադրյալ ներգրավելու որոշումը

Դատախազությունը պնդում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոքարկան ենթակա չէ։ Այս հոդվածը սահմանում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուսական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների՝ դատարան բողոքարկման հնարավորությունը։ Պնդումը, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, Դատախազությունն անում է՝ հղում կատարելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է միայն գործի ըստ էության քննության ժամանակ։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Հետևաբար, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, ինչպես նաև վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ այդ որոշման դատախազական հսկողության արդյունքում կայացված որոշումը:

Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում պնդեց, որ բողոքը ենթակա է քննության՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով։

Պաշտպանը նշեց, որ իրենք չեն վիճարկում մեղադրանքի հիմնավորվածությունը, չեն անդրադառնում որևէ ապացույցի վերաբերելիության, թույլատրելիության կամ առհասարակ որևէ ապացույցով ինչ-որ բան հաստատված լինելու կամ չլինելու հանգամանքին։ Թե ինչու պետք է հենց այս փուլում քննության առարկա դարձնել իրենց բողոքը, Խուդոյանն ասում է՝ քանի որ վիճարկվող որոշումն ուղղակի հետևանք է առաջացրել Ռուբեն Վարդազարյանի համար․ մեղադրանքի առկայության հիմքով Գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ-ին, և Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են։

«Այսինքն՝ այս մեղադրանքի ոչ իրավաչափ ճանաչելը ենթադրում է Վարդազարյանի լիազորությունների վերականգնում՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Դատախազ Ժամկոչյանը դիտարկեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ցանկացած դեպքում  ենթադրում է որոշակի իրավունքների և ազատությունների սահմանափակում, սակայն բողոքաբերը որևէ հիմնավորում չի ներկայացրել այն մասին, որ այժմ Վարդազարյանի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են կիրառվել, որոնք անհնարին են դարձրել դրանց հետագա վերականգնումը։

Հովհաննես Խուդոյանն ասաց՝ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը  գլխավոր դատախազի կողմից է իրականացվում, այլ ոչ թե քննիչի, ինչը ենթադրում է, որ այս գործով առնվազն մեկ բողոքարկման հնարավորություն վերանում է։

«Եթե մենք ելնենք, այն մեկնաբանությունից, որ գլխավոր դատախազն ունի բացառիկ հայեցողություն, իր որոշումները որևէ կերպ չեն կարող բողոքարկվել, ապա ստացվում է, որ ՀՀ-ում անձեռնմխելիության ինստիտուտ չպետք է լինի։ Բայց եթե այդպիսի ինստիտուտ կա, ապա բացարձակ ընդունելի չի կարող լինել այն մոտեցումը, որ անձեռնմխելիության երաշխիքի խախտումը չի կարող վեր հանվել դատական ատյաններում»,- դիտարկեց Հովհաննես Խուդոյանը, և նշեց, որ հակառակ պարագայում կստացվի, որ եթե անձեռնմխելիության երաշխիքից օգտվող Ազգային ժողովի պատգամավորի կամ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի՝ առանց այդ երաշխիքի հաղթահարման, ապա անձը պետք է սպասի, մինչև իր վերաբերյալ գործն ուղարկեն դատարան, և գործն ըստ էության քննող դատարանը դատավարական բոլոր փուլերն անցնելուց հետո վերջնական դատական ակտով դիրքորոշում հայտնի, որ անձն անձեռմխելի է։ Ըստ Խուդոյանի՝ նման դեպքում սա չի կարելի համարվել երաշխիք։

Անհրաժեշտություն կա՞ր քրեական հետապնդում հարուցելուց առաջ դիմել ԲԴԽ-ին

«Գլխավոր դատախազը չէր կարող առանց Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու և քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնել»,- պնդեց Հովհաննես Խուդոյանը։

Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանն առավել մանրամասն անդրադարձավ այն հարցին, թե ինչու գլխավոր դատախազը պետք է դիմեր ԲԴԽ-ին։

Օրբելյանը նկատեց, որ Հայաստանի և ժամանակակից եվրոպական սահմանադրությունները նախատեսում են անձեռնմխելիության երկու մոդել՝ անձեռնմխելիություն պատասխանատվությունից և ընթացակարգային անձեռնմխելիություն։ Օրբելյանը նկատեց, որ իրենց բողոքի վերաբերյալ դատախազի առարկություններում մեծ տեղ է գրավում անձի կողմից հանցանք կատարելու կամ չկատարելու հանգամանքը, մինչդեռ իրենց չեն պնդում, որ որևէ դատավոր իրավունք ունի կատարել հանցագործություն և մնալ անպատիժ։

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է անմեղության կանխավարկածը և այդ իրավունքից օգտվում է նաև դատավորը, ում համար անմեղության կանխավարկածը հաղթահարելու ավելի բարդ ընթացակարգ է նախատեսված, քան այլ քաղաքացիների համար։ Սրա հիմքում, ըստ պաշտպանի, ընկած է արդար դատարան ունենալու և այլ քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը երաշխավորելու նպատակը։

Այսինքն՝ ըստ Օրբելյանի, դատական ընթացակարգային անձեռնմխելիությունը ունի երկու գործառույթ․ այն դատական իշխանության անկախության երաշխիք է և դատավորի՝  որպես ֆիզիկական անձի հավելյալ պաշտպանություն ստանալու իրավունք, ուստի չի կարելի պնդել, որ ընթացակարգային անձեռնմխելիությունը դատավորին չի վերաբերում, վերաբերում է բացառապես դատական իշխանությանը։

Դատարանում բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է․ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս կիրառելի են 2005 թվականի, թե՞ 2015 թվականի Սահմանադրության երաշխիքները։ Նշենք, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ դատավորին տրված երաշխիքները նեղացվել են։ Եթե նախկինում դատավորի նկատմամբ առհասարակ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության, ապա 2015-ի փոփոխություններով Սահմանդրության տեքստում ավելացվել է «իր լիազորությունների իրականացման կապակցությամբ» արտահայտությունը, այսինքն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել ատանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։

Պաշտպան Արամ Օրբելյանը դիրքորոշում հայտնեց, որ անկախ նրանից՝ Վարդազարյանի նկատմամբ կիրառելի է 2005-ի, թե՞ 2015-ի սահմանադրությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ դատախազը պետք է դիմեր ԲԴԽ-ին։ Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը դատավոր է նշանակվել 2015-ից առաջ, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում դատավորի համար գործում էին 2005-ի սահմանադրական երաշխիքները։

Քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ «քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ։ Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածն էլ սահմանում է, որ «արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։

Դատախազությունն, անդրադառնալով Վարդազարյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու վերաբերյալ նրա պաշտպանների բարձրացրած հարցին, պնդում է, որ անձեռնմխելիությունը ընթացակարգային նորմ է, այլ ոչ թե նյութաիրավական, հետևաբար այս նորմի նկատմամբ կիրառելի չէ հետադարձության արգելքը, ուստի Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չի եղել, Վարդազարյանին վերագրվող արարքը կապ չունի նրա լիազորությունների իրականացման հետ։

Արամ Օրբելյանը, սակայն պնդեց, որ տվյալ դեպքում պետք է քննարկան առարկա դառնա ոչ թե դատավարական նորմերի՝ ժամանակի մեջ գործողության, այլ սահմանադրական տեքստի ՝ ժամանակի մեջ գործողության հարցը:

«Սահմանադրության նորմերի՝ ժամանակի մեջ գործողությունը կարգավորվում է  բացառապես Սահմանադրությամբ, հետևաբար, որպեսզի մենք հասկանանք թե մինչև 2015 թվականի Սահմանդրության ուժի մեջ մտնելը նշանակված դատավորի նկատմամբ որ տեքստն է կիրառելի, պետք է դիտարկենք հենց Սահմանադրությունը, իսկ Սահմանադրությունը նախատեսում է երկու նորմ, որոնք հիմնավորում են, որ դատավորի նկատմամբ կիրառելի է 2005-ի կարգավորումները»,- ասաց Արամ Օրբելյանը։

Մասնավորապես, ըստ պաշտպանի, Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ անձի վիճակը վատթարացնող նորմը չի ունենում հետադարձ ուժ, հետևաբար երբ անձին տրված հավելյալ, ընթացակարգային երաշխիքը վերացվում է, դա պետք է դիտարկել որպես անձի վիճակը վատթարացնող, և այդ նորմը չպետք է ունենա հետադարձ ուժ, ըստ որում՝ այս հանգամանքը պետք է դիտարկել դատական իշխանության անկախության լույսի ներքո։

«Հակառակ պարագայում հնարավոր է Սահմանադրության մեջ ցանկացած ժամանակ կատարել փոփոխություն, դատավորին տրված այս կամ այն երաշխիքը վերացնել, օրինակ՝ ԲԴԽ դիմելու երաշխիքը, Դատախազի կողմից դատախազական վերահսկողություն իրականացնելու երաշխիքը։ Բայց մենք պետք է բացառենք որևէ տարբերակ, որ քաղաքական իշխանությունը հնարավորություն ունենա սահմանադրական փոփոխությունների, երաշխիքներ վերացնելու միջոցով ազդել դատական գործընթացների վրա»,- ասաց Արամ Օրբելյանը։

Պաշտպանը նաև դիրքորոշում հայտնեց, որ մինչև 2015 թվականը նշանակված դատավորները պետք է շարունակեն գործել իրենց 2005-ի սահմանադրական կարգավորումներով տրված երաշխիքներով, իսկ 2015-ից հետո նշանակված դատավորը՝ նոր կարգավորումների համաձայն։

«Այո, նոր և հին նշանակված դատավորների կարգավիճակների միջև կա տարբերություն ՝անկախ նրանից դա լավ է թե ոչ, բայց միշտ դատական համակարգի փոփոխությունները անցումային բլոկով են իրականացվում, քանի որ չեն կարող միանգամից դատավորների երաշխիքները վերացվել»,- ասաց Արամ Օրբելյանը։

Մինչ անձեռնմխելիության վերաբերյալ Արամ Օրբելյանի դիրքորոշմանն անդրադառնալը դատախազ Ժամկոչյանը դիտարկեց․ այժմ դատարան բողոք բերած Ռուբեն Վարդազարյանը, որպես դատավոր, քննարկվող հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում է ունեցել։

Մասնավորապես՝ Ժամկոչյանի խոսքով՝ 2019 թվականի մայիսի 22-ին դատավոր Ռուբեն Վարդազարյանը քննել է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված միջնորդություն, որի նյութերի համաձայն՝ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով և ունենալով պաշտոնից բխող հեղինակություն, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով,  միջամտել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող, Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքին։ Մասնավորապես, ըստ օպերատիվ տվյալների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կայացրել է այլ դատավորների հետ համատեղ։ ԱԱԾ-ն միջնորդել է թույլատրել դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացումը՝ միջնորդության մեջ նշելով, որ, նկատի  Դավիթ Հարությունյանի նկատմամբ հեռախոսային խոսակցությունների վերահսկում ՕՀՄ-ի իրականացումը հնարավորություն կտա ստանալ նրա ենթադրյալ անօրինական գործողությունները հիմնավորող  ստույգ  տվյալներ, որոնք կնպաստեն հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռքբերմանը։ Ռուբեն Վարդազարյան, ով այն ժամանակ եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագագը, որոշել է միջնորդությունը բավարարել։

Ժամկոչյանը նշեց, որ, փաստորեն, Ռուբեն Վարդազարյանը, որպես դատավոր քննելով ԱԱԾ-ի միջնորդությունը, գտել է, որ Դավիթ Հարությունյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրան լիազորությունների հետ չկապված ենթադրյալ արարք է վերագրվում։

«Հարց է առաջանում, թե դատավոր Ռուբեն Վարդազարյանն ինչո՞վ է պատճառաբանում, որ Դավիթ Հարությունյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չի եղել, սակայն իրեն վերագրվող նույն արարքի դեպքում իր անձեռնմխելիությունը պետք էր հաղթահարել»,- նկատեց Աշոտ Ժամկոչյանը։

Դատախազը նշեց, որ անձեռնմխելիությունը դատական իշխանության հանրային երաշխիք է, այլ ոչ դատավորին՝ որպես ֆիզիկական անձի տրված երաշխիք։ Ըստ դատախազի՝ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հանցավոր արարք կատարելու դեպքում առանց Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու քրեական հետապնդման հարուցումը չի կարող խաթարել դատական իշխանության անկախությունը։

«Իմաստազուրկ և անարդյունավետ է դառնում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացման հետ չկապված հանցագործությունների դեպքում գործադրել բարդեցված ընթացակարգեր»,- ասաց դատախազը Ժամկոչյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել