Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
10:15 - 28 մայիսի, 2021

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն երեկ միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․  նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Այս մասին հայտնում են Բելգիայի հայերի կոմիտեից։

«Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն  և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:

Խորհրդարանը խստորեն դատապարտել է  նաև «գերիների խոշտանգման  վերաբեյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին,  մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր  ռազմագերիներին:

Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի՝ մայիսի 28-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ձերբակալել են 6 նոր հայ զինծառայողների: Այս ձերբակալությունը հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։

Այս միջադեպերը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող լարվածության ռազմավարության մի մասն են կազմում: Բելգիայի հայկական կոմիտեն կոչ է անում կառավարությանը հետևել խորհրդարանի խնդրանքին և միջամտել բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը»,- ասված է Բելգիայի հայերի կոմիտեի հաղորդագրությունում:

Բելգիայի Հայերի կոմիտեն հանդիսանում է տեղի հայկական համայնքի գործադիր մարմինը և խոսնակը: Դեռևս 1922 թ. հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովում: Հայերի թիվը երկրում հասնում է շուրջ 30.000-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել