ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց շահութահարկի արտոնության գործողության ժամկետը երկարաձգող նախագծին |armenpress.am|
17:39 - 21 մայիսի, 2021

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց շահութահարկի արտոնության գործողության ժամկետը երկարաձգող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության նախագծին, որով առաջարկվում է հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգել 8 տարով: Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ  և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն: Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընդհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում:

«Այդ արտոնյալ ժամանակահատվածը, այս գործող օրենսդրության, ավարտվում է 2021-ի դեկտեմբերի 31-ին: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել 8 տարով՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ մեզ հնարավորություն է ընձեռվել ևս 8 տարի այդ արտոնյալ կարգավորումները կիրառել»,-ասաց Պողոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել