Փաստաթղթում ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական ճանապարհներով․ Փաշինյան
19:50 - 20 մայիսի, 2021

Փաստաթղթում ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական ճանապարհներով․ Փաշինյան

 

Ազգային ժողովում շարունակվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը։ Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ չի կարծում, թե առաջադրված հարցերի լուծման տեսակետից քննարկումն օգտակար է, բայց բարձրացված հարցերին պատասխան տալու տեսակետից, ըստ նրա, օգտակար է։

Վերջին 5 օրերին տեղի ունեցող գործընթացը Փաշինյանը վերնագրում է «Ասք այն մասին, թե ինչպես իրեն ընդդիմություն հորջորջող որոշակի շրջանակներ ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանական զորքը հանկարծ չլքի ՀՀ տարածքը»։

Փաշինյանը հիշեցրեց՝ իր գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն էր ՀՀ Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում, որը մոտ 26կմ է, եւ շղթայական ռեակցիայով այդ գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք։

«Իրադրությունը գնահատելով՝ մենք որոշել ենք գնալ իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու եւ դիվանագիտական եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով։ Մեր գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքում (ընդ որում՝ սա այն դեպքն է, երբ ես միանշանակ եւ աներկբա կարող եմ կառավարության գործողությունները գնահատել թիմային, համակարգված եւ արդյունավետ), միջազգային հանրության շրջանում իրավիճակի վերաբերյալ կա համաձայնություն, որով արձանագրվում է Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների ապօրինությունը եւ նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքը լքելու անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով նաեւ, որ Եվրախորհրդարանը րոպեներ առաջ ընդունեց haj  ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձեւ, եւ, նրա խոսքով, վերջին պահին բանաձեւում լրացում կատարվեց՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության․ 607 պատգամավոր կողմ քվեարկեց, 27-28 պատգամավոր՝ դեմ․

«Երբ խոսում եմ միջազգային կոնսենսուսի մասին, պետք է արձանագրեմ, որ դրա մի հատվածն արտահայտված է հրապարակայնորեն, մի հատվածն արձանագրված է աշխատանքային մակարդակում։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների։ Այս իրավիճակի քննարկման արդյունքում, սակայն, քանի որ կա փաստ, որ չունենք դեմարկացված եւ դելիմիտացված սահման՝ Ադրբեջանի հետ, ծագում է մի կարեւոր հարց․ այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ փուլում նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձեւավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Մենք ունենք մի իրադրություն, որը ձեւավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում, որը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձեւակերպվել է առաջարկ՝ ձեւավորել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այդ  հարցերով»,- ասաց Փաշինյանը՝ հայտնելով, որ ինքը կոռեկտ չի համարել, որ կառավարությունն աշխատանքային փաստաթուղթը, որը դեռ քննարկումների փուլում է, հրապարակի, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ինքը հաստատում է, որ դա այն միակ եւ եզակի փաստաթուղթն է, որը օրուկես կամ երկու օր աշխատանքային շրջանառության մեջ է։

Փաշինյանի խոսքով՝ փաստաթղթի մեջ ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են սահմանային իրադրությունները լուծել ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ «Արդյոք սա ինչ-որ նոր գաղափար է․ ո՛չ․ որովհետեւ ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից, այդ մասին հայտարարել եմ ԱԽ մայիսի 17-ի նիստում, երբ ասել եմ, որ Ադրբեջանն ուզում է սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր դիրքորոշումն այն է, որ դա պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով»։

Մյուս կողմից, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարեւոր է, որ իրենք արձանագրել են՝ կամ այդ հանձնաժողովների ձեւավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ կլքեն մեր երկրի տարածքը եւ կհայտնվեն մեր սահմաններից անդին, կամ  փաստաթղթի մեջ կարձանագրեն այդպիսի դրույթ, որ ինչ-որ ժամկետում այդ զորքերի հետ քաշման գործընթացը տեղի է ունենում։

Փաշինյանի վստահեցմամբ՝ սա է ամբողջ պատմությունը, եւ, նրա պնդմամբ, չկա եւ չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել