ՀՔԾ-ն ավարտել է ոստիկան պաշտոնյաների կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամ հափշտակելու քրգործի նախաքննությունը
18:42 - 20 մայիսի, 2021

ՀՔԾ-ն ավարտել է ոստիկան պաշտոնյաների կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամ հափշտակելու քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018թթ-ի ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝  160.047.460 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Գագիկ Գրիգորյանը, 2013թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016թ. հունիսի 24-ից 2018թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և խախտելով համապատասխան իրավական ակտերի պահանջները, բաժնի հաշվապահ Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ մշակել է իրեն վստահված` բաժնի արտաբյուջետային դրամական միջոցների յուրացման եղանակով հափշտակության սխեմա: Համաձայն մշակված սխեմայի` Լիլիկ Այդինյանը վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեղեկագրերում մի շարք աշխատակիցների անվամբ հաշվարկել է սահմանվածից ավել աշխատավարձ, ըստ այդմ՝ ապօրինի հավելյալ հաշվարկված եկամտային հարկերը չի վճարել ՀՀ պետական բյուջե»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Գագիկ Գրիգորյանի ցուցումով Լիլիկ Այդինյանը հիշյալ ժամանակահատվածում ամիսներ շարունակ մուտք է գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ և սահմանված եկամտային հարկը պետական բյուջե չվճարելու արդյունքում գոյացած գումարներն անհիմն փոխանցել է իր, Գագիկ Գրիգորյանի և վերջինիս հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին: Գագիկ Գրիգորյանի պահանջով Լիլիկ Այդինյանը և բաժնի աշխատակիցները յուրաքանչյուր փոխանցումից հետո կանխիկացրել և նրան են հանձնել իրենց քարտային հաշիվներին փոխանցված գումարները, ինչի արդյունքում Գագիկ Գրիգորյանը Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 117.013.352 ՀՀ դրամը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Գրիգորյանը, 2015 թվականի օգոստոսի 31-ից ազատված լինելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնից, նշված ժամանակահատվածից մինչև 2016 թվականի հունիսի 24-ը նույն պահպանության բաժնի արտաբյուջետային դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության է եկել հաշվապահ Լիլիկ Այդինյանի հետ: Վերջինս, արդեն իսկ մշակված հանցավոր սխեմայով, օգտվելով այդ ընթացքում բաժնի նորանշանակ պետի` գանձապետական համակարգից օգտվելու պայմանների անտեղյակությունից, նրանից գաղտնի շարունակել է յուրաքանչյուր ամիս մուտք գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հիշյալ համակարգ և անհիմն հավելագրումներ կատարել իր, Գագիկ Գրիգորյանի և նրա հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին, որը նույն եղանակով կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից:

 

ՀՔԾ-ից հայտնում են, որ, արդյունքում, Գագիկ Գրիգորյանը, Լիլիկ Այդինյանի հետ խմբով` նախնական համաձայնությամբ, 2015թ. օգոստոսի 31-ից 2016թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում պետությունից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38.787.480 ՀՀ դրամ:

Բացի այդ, Լիլիկ Այդինյանը, կատարելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, 2017 թվականի մայիսի 19-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժանմունքի պետ Տիգրան Տոֆանյանի կողմից վերջինիս վստահված` նշված բաժանմունքի բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 4.246.628 ՀՀ դրամ գումարի յուրացմանը:

Վերը նշված արարքների կատարման համար Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Լիլիկ Այդինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տիգրան Տոֆանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պետությանը պատճառված 160.047.460 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 42.470.365 ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:

ՀՔԾ-ի տեղեկացմամբ՝ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել