«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ
17:39 - 20 մայիսի, 2021

«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

Վերջին օրերին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում և տարբեր խաղերում հայտնվում է «Premise» հավելվածի գովազդը։ Գովազդը տարածվում է թուրքական անվանումով «Premise-Katılımcıları-Türkçe» էջից։

Այս հավելածը ստեղծել է  «Premise Data Corporation» ամերիկյան ընկերությունը, որը հիմնադրվել է 2012-ին։ «Premise Data Corporation»-ի ղեկավար կազմում ազգությամբ թուրքեր չկան, իսկ ֆինանսական աղբյուրները հիմնականում վենչուրային ընկերությունների ներդրումներն են։ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջն անգլալեզու է։

 

Ի՞նչ գործունեություն է ծավալում ընկերությունը

«Premise» հավելվածը ստեղծվել է, որ աշխարհի տարբեր հատվածներում մարդիկ այն ներբեռնեն և իրենց քաղաքի, շրջակայքի մասին տեղեկություններ տրամադրեն «Premise Data Corporation»-ին։ Այդ տեղեկությունները կարող են լինել տարբեր բնույթի՝ այս կամ այն ենթակառուցվածքի առկայութուն կամ բացակայություն, խցանումներ և այլն։ Մարդիկ տեղեկությունները կարող են փոխանցել՝ իրենց շրջակայքից լուսանկարներ ներբեռնելով հավելված կամ այնտեղ նշված հարցերին պատասխանելով։ Մարդիկ այս գործողությունների համար նաև կարողանում են գումար ստանալ և հետո այն կանխիկացնել։

«Premise Data Corporation»-ը նշում է, որ այս տեղեկությունները հավաքում է տարբեր կառավարությունների, հումանիտար օգնություն իրականացնող, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների համար։ Ընկերության փոխանցած տվյալների համաձայն՝ իր հաճախորդներից են եղել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Համաշխարհային բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) («Premise Data Corporation» ընկերության գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ)։

Ինչ վերաբերում է թուրքալեզու էջին, ապա «Premise Data Corporation»-ը մտադիր է ընդլայնվել և աշխատակիցներ ունի տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից։ Թուրքալեզու էջի վերնագիրն էլ թարգամանաբար նշանակում է «Premise-մասնակիցներ-թուրքերեն» և նախատեսված է Թուրքիայում հավելվածից օգտվողների համար։ Այս էջն ունի ադմինիստրատորներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ֆիլիպիններից։

 

Վտանգավո՞ր է «Premise» հավելվածից օգտվելը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այս հավելվածը նոր չէ տարածվում, և նմանատիպ տեղեկություններ հավաքող այլ հավելվածներ ևս կան․ «Դեռ պատերազմի ժամանակ էին նման բաներ անում։ Սա փորձ է հանրային միջոցով տեղեկություն հավաքելու։ Նաև հավաքում են տեսանյութեր, աուդիոձայնագրություններ, օրինակ՝ տեքստ են տալիս, ասում են՝ սա կարդա։ Դեռ պատերազմի ժամանակ, օրինակ, հավաքում էին Կապանի կամ Սյունիքի այլ քաղաքների բարբառներով խոսակցություններ, որին, իհարկե, բացատրություն չէր տրվում, բայց շատ մեծ է հավանականությունը, որ դա հատուկ ծառայություններն էին անում և՛ ինֆորմացիա ստանալու, և՛ հետագայում իրականին նման կեղծիքներ ստեղծելու համար»։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ «Premise Data Corporation»-ը և նրա «Premise» հավելվածը վտանգավոր չեն, այլ հարց է, թե ընկերությունն ում պատվերով է տեղեկություններ հավաքում․ «Այս ծրագիրը միջազգային է, կան նմանատիպ այլ ծրագրեր, ու սա խնդրահարույց բան չէ, մեծ հաշվով։ Այսինքն՝ իսկապես կան կազմակերպություններ, որոնք կառավարություներից ստանում են պատվեր և, օրինակ, կոնկրետ տեղերից տեսանյութեր և լուսանկարներ են հավաքում, որպեսզի ենթակառուցվածքների բարեփոխումներ անեն, որովհետև հատկապես մեծ երկրների կառավարությունները այսպես ունենում են հնարավություն ստանալու ամեն մի տեղից տեղեկություն, ինչն ավելի էժան է, քան ամեն տեղ ինչ-որ հանձնաժողով ուղարկելը։ Հիմնականում աշխատում են կառավարությունների կամ մեծ կորպորացիների հետ, որոնք էլի նմանատիպ ենթակառուցվածքներ են ստեղծում։ Պարզ է, որ իրենք պատվերը կատարում են՝ անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, և Հայաստանի դեպքում պատվիրատուն կարող են լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կառավարությունները»։

Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ հավանականությունը, որ այս հավելվածը կարող է օգտագործվել հենց հետախուզական նպատակներով, շատ մեծ է։ Անդրադառնալով նրան, որ Հայաստանում գովազդը տարածվում է ընկերության թուրքալեզու էջից, Մարտիրոսյանն ասում է՝ դա այնքան էլ մեծ նշանակություն չունի․ գովազդը նույն կերպ կարող էր տարածվել նմանատիպ տեղեկություններ հավաքող մեկ այլ ընկերության, օրինակ, ֆրանսիական մասնաճյուղի էջից։ Կարևորն այն է, թե Հայաստանից տեղեկություններ հավաքելու պատվեր որ երկրի կառավարությունն է տվել ընկերությանը։

Խոսելով այն մասին, թե ինչ արժեքավոր տեղեկություններ մարդիկ կարող են այս հավելվածի միջոցով փոխանցել ընկերությանը և, հետևաբար, պատվիրատուին, Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս դեպքում խնդիրը ռազմական օբյեկտների մասին տեղեկությունները չեն․ «Քաղաքացիական ենթակառուցվածքների ձևը, տեսակը, դրանց հին ու նոր լինելը նույնպես ռազմական, հետախուզական ինֆորմացիա են, որոնք թույլ են տալիս կառավարելի դարձնել, օրինակ, ուրիշ երկրի վրա հարձակումը։ Ադրբեջանական բանակի համար դա կարևոր տեղեկություն է»։

Ամփոփելով կարող ենք նշել, որ «Premise Data Corporation»-ը ոչ թե թուրքական, այլ ամերկյան ընկերություն է, իսկ «Premise» հավելվածը ներբեռնելը վտանգավոր չէ։ Սակայն Հայաստանի համար վտանգավոր է այն փաստը, որ «Premise Data Corporation»-ն իր հավելվածի միջոցով տեղեկություններ է հավաքում նաև տարբեր երկրների կառավարությունների պատվերներով, և մեծ է հավանականությունը, որ Հայաստանի ենթակառուցվածքների, քաղաքացիական օբյեկտների մասին կամ այլ տեղեկություններ հավաքելու պատվեր կարող են տված լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կառավարությունները։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել