Նոր տեղերում հայտնվելու պատճառով բանակը մի քիչ մոլորված է․ դա նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել․ Վարդանով
16:35 - 18 մայիսի, 2021

Նոր տեղերում հայտնվելու պատճառով բանակը մի քիչ մոլորված է․ դա նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել․ Վարդանով

Բանակը մի քիչ ընկճված է, նոր տեղերում  հայտնվելու պատճառով մոլորված է, սարերում բավականին դժվար է կողմնորոշվել։ Մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին, ասաց «ՈՄԱ» հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով ՀՀ սահմանային իրավիճակին։

«Դա  նաև խոսում է այն մասին, որ լավ աշխատանք չի տարվել, միգուցե բավարար կամ միջին, բայց ոչ լավ»։

Վարդանովի խոսքով՝ նոյեմբերի 9-ին, երբ կնքվել է եռակողմ հայտարարությունը, ինքը գտնվել է Թաղավարդում։ «Իմ մեջքի հետևից մոջահեդները մշտապես գրոհում էին մինչև ամսի 15-ը։ Իմ մոտ մի քանի ալպինիստ կար։ (Ալպինիզմը անհրաժեշտ համարելով փորձում էինք լայն շրջանակների մեջ սպորտաձև դարձնել): Ես իրենց հանձնարարեցի սահմանին մոտիկ բարձունքները կամ անմիջապես ջրբաժանները, որոնք սահման են դառնում, այդ անունները և թվերը շատ արագ կազմեն»,-ասաց Վարդանովը՝ հավելելով, որ բոլոր այդ տվյալները փոխանցել է համապատասխան պաշտոնյաներին։

Վարդանովը նշեց, որ այդ բարձունքները ձնածածկ են եղել։ «Այնտեղ ոչ մի աշխատանք անել գրեթե հնարավոր չէր։ Ձյունը իջավ, թուրքերը մի քիչ ավելի կազմակերպված, մի քիչ ավելի արագ այդ ամենին արձագանքեցին, ձյան պայմաններում իրենք մոտեցել էին այդ բարձունքներին, չէին սպասել՝ լրիվ հալվեր, նոր մոտենային»։

Նա նաև նշեց, որ ձյան պայմաններում արդյունավետ չի լինի սահմանին մշտադիտարկման սարքեր տեղադրելը։ «Ձյան պայմաններում այդ սաքերի մարտկոցները վարի կգնան։ Անհնար է տասնյակ կիլոմետր հոսանք քաշել ձյան պայմաններում, սառույցի պայմաններում»։

Սահմանների կահավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմանը անդրադառնալով՝ Վարդանովն ասաց․ «Մեր վարչապետը սիրում է վիճաբանել։ Ես չեմ կարծում, որ դա լուրջ տվյալների վրա հենված էր ասում, որովհետև ցանկացած աշխատանք առաջնագծում երևում է։ Նույնիսկ եթե դու գաղտնի գործողություն ես անում։ Այն, ինչ պիտի թաքցնենք հակառակորդից, թաքցնում ենք մեր քաղաքացուց, այն դեպքում, երբ հակառակորդը ամեն ինչից տեղյակ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել