Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|
16:04 - 10 մայիսի, 2021

Երկու տարվա ընթացքում ընդդիմության ներկայացրած ավելի շատ նախագիծ է ընդունվել, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում․ Սիսակ Գաբրիելյան |1lurer.am|

1lurer.am: Անցած 2 տարի 3 ամիսների ընթացքում այս խորհրդարանում ընդդիմության կողմից ներկայացվել ու ընդունվել է այնքան նախագիծ, որքան չի եղել, օրինակ՝ անցնող 10-15 տարիների ընթացքում՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Էս երկու տարվա ընթացքում ավելի շատ նախագիծ է ընդունվել ընդդիմության ներկայացրած, քան նախորդ 10-15 տարվա ընթացքում: էստեղ ընդդիմութունը, բնականաբար, կարող է հակադարձել, որ եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Այո՛, հարգելի ընդդիմություն, ձեր կողմից եղել են նախագծեր, որոնք չեն անցել: Ամփոփելով 7-րդ գումարման խորհրդարանը՝ ուզում եմ ասել, որ ինձ համար մի կարևոր բան կար այստեղ, ես էստեղ ժողովրդի ներկայությունը տեսա: Այո՛, մեկս մի քիչ բարկացող էր, մյուսը՝ հայհոյող էր, մեկը՝ նեղացկոտ էր, մյուսը՝ գրագետ էր. սա ընդհանուր կերպարն էր, որը տիրում էր խորհրդարանում»,- նշեց Գաբրիելյանը:

Պատգամավորը նշեց, որ չի նկատել, որ հարցումների ժամանակ որևէ մեկը դեմ լինի կառավարող ուժին՝ ասելով, որ, օրինակ՝ Համազասպ Դանիելյանի դղյակը տեսել եք՝ ոնց կառուցեց երկու տարում: Կամ էս պաշտոնյայի տղան, տեսաք՝ աչք հանեց, բայց ազատ ֆռֆռում է:

«Քաղաքական օրակարգ է մտել էն դիրքորոշումը, որ եթե անգամ չեն ընտրում էս թիմին, ապա առաջինը մեջբերում են տված խոստումն ու չկատարված արդյունքը: Սա էլ է կարևոր՝ իմ կարծիքով: Ես միշտ ասում եմ, որ մեկ-երկու ընտրություն էլ կարողանանք Հայաստանում անցկացնել առանց փողի, առանց վարչական ռեսուրսի կիրառման, իմ կարծիքով՝ վերջնականապես, այլևս երբեք Հայաստանում չի կարող լինել նախկին համակարգը, որը գործել է»,- նշեց պատգամավորը:

Գաբրիելյանն անդրադարձավ արդարադատությանը. «Ես իմ անունից չեմ խոսի, կխոսեմ Սերժ Սարգսյանի անունից: Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել Հայաստանի Հանրապետությունում: Վերջերս իր հարցազրույցում՝ հարցին, թե ինչու չկալանավորեցիք, երբ մտան ռադիոտուն, մարդը շատ ուղիղ դեմքով ասում է՝ դե, ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք՝ պետք չի նման բան անել: Ես զարմանում եմ՝ իրավապահ մարմինները մինչև հիմա ինչու այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև ով ես դու, որ որոշես՝ ինչ-որ հանցագործություն արած անձի կալանավորե՞ն, թե ոչ»,- նշեց Գաբրիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել