Իշխան Սաղաթելյանը և Տարոն Տոնոյանը Երևանի քննչական վարչություն չեն հրավիրվել, իսկ մնացած անձանց ծանուցագրերը փոխանցվել են սկսած ապրիլի 27-ից. Գոռ Աբրահամյան
14:48 - 29 ապրիլի, 2021

Իշխան Սաղաթելյանը և Տարոն Տոնոյանը Երևանի քննչական վարչություն չեն հրավիրվել, իսկ մնացած անձանց ծանուցագրերը փոխանցվել են սկսած ապրիլի 27-ից. Գոռ Աբրահամյան

Փաստաբան Բենիկ Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որի իմաստն այն է, որ ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած  դեռևս ապրիլի 27-ից: Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագրերը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել:

Այսինքն նշվածներից առանձին անձինք  քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ:   

Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ ավելի շուտ հակառակ տրամաբանությամբ:

Հետևաբար մեր գործընկերոջը հորդորում ենք փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել և թյուր կարծիք չձևավորել»,- գրել է Աբրահամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել