Կայացավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը
23:51 - 23 ապրիլի, 2021

Կայացավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը

Այսօր տեղի ունեցավ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարի օրակարգը հաստատելուց հետո մասնակիցները կողմ քվեարկեցին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ստեղծմանը, որից հետո ելույթ ունեցան կուսակցության հիմնադիր անդամները։

Հիմնադիր անդամներից Դավիթ Սանասարյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով երեք տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ «Ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և ընդունեց իր սխալը։ Հենց այս օրը փողոցները ողողված էին հաղթանակի բերկրանքի, հուզմունքի, ուրախության ճիչերով»։

Սանասարյանի խոսքով՝ անցել է երեք տարի, բայց մեր երազանքները մնում են անկատար․ «Այո՛, կատարվել են փոփոխություններ, բայց դրանց ծավալն ու բովանդակությունը չեն համապատասխանում հեղափոխական հարթակից ու այլ ամբիոններից տված մեր խոստումներին։ Երեք տարին բավարար ժամանակ էր՝ իրականացնելու համակարգային լուրջ փոփոխություններ»։ 

Սանասարյանի խոսքով՝ կառավարությունը կարող էր փոփոխություններր իրականացնել Զինված ուժերում, դատաիրավական համակարգում, իրավապահ մարմիններում և առանցքային այլ ոլորտներում, բայց անկարող է եղել և հիմա էլ է անկարող։

Խոսելով Արցախյան հակամարտությունից և բանակցային գործընթացից՝ Դավիթ Սանասարյանը նշեց․ «Հայաստանի նման փոքր երկրի անվտանգության բարձրացման գրավականներից մեկն իր սուբյեկտայնությունն ու արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու արդյունքում ինքավարության մակարդակի բարձրացումն է, ասել է թե՝ որևէ երկրից միակողմանի արտաքին կախվածության ֆոնը թուլացնելու, հավասարակշռելու կարևորությունն է։ Մեզ համար ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում ռազմավարական առաջնահերթություններից է նաև երկրի սուբյեկտայնության և ինքնիշխանության մակարդակի էական բարձրացումը, ինչն իր հերթին կբարձրացնի Հայաստանի արտաքին քաղաքական կշիռը և հետևաբար՝ նաև անվտանգությունը»։

Սանասարյանը նշեց, որ իրենց կուսակցությունն Արցախի հարցի լուծումը տեսնում է Արցախի Հանրապետության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային իրավունքի շրջանակներում․ «Մենք տեսնում ենք Հայաստանում այնպիսի հզոր պետության կառուցման հնարավորություն, որը կկարողանա ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ապա և վերամիավորումը Մայր Հայաստանին»։

Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք համագործակցելու են այնպիսի ուժերի հետ, որոնք չունեն արատավոր անցյալ, որոնց պատասխանատու դեմքերը պետության առջև հանցագործություն չեն իրականացրել․ «Մենք մերժում ենք «հինգերորդ շարասյուն» հանդիսացող ուժերի միութենական նկրտումները»։

Համագումարի ժամանակ ընդունվեցին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ծրագիրը և  կանոնադրությունը։

Աննա Սահակյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել