ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամն ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
19:17 - 13 ապրիլի, 2021

ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամն ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում

Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ տեխնոլոգիաների նոր ֆինանսավորումից՝ մինչև 6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկի շնորհիվ (ներառյալ մինչև 1,5 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով արտոնյալ ֆինանսավորումը Կանաչ կլիմայի հիմնադրամից), որը ՎԶԵԲ-ը տրամադրել է Ինեկոբանկին ՎԶԵԲ-ի՝ Կանաչ Տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ՝GEFF) ներքո: Այս մասին տեղեկացնում է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի բաժինը:

Ակնկալվում է, որ ֆինանսավորումը կնպաստի երկրի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն տնտեսություն: Վարկը կօգտագործվի տեղական ձեռնարկությունների հետագա ֆինանսավորման համար՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության տեխնոլոգիաներում և ծառայություններում ներդրումներ կատարելու համար: Վարկավորման պահանջներին համապատասխանում են այն ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաների մեջ, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտովոլտային արևային պանելները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ ոռոգման համակարգերը:

Կանաչ Տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) ներառում է համապարփակ տեխնիկական խորհրդատվական փաթեթ, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի՝ GCF-ի կողմից և օգնում է հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումներ անելու հնարավորությունները:

Այն ընկերությունները, որոնք ցանկանում են կանաչ տեխնոլոգիաների համար վարկ ստանալ, կարող են նաև օգտվել ներդրումային խթաններից, որոնք ֆինանսավորվում են Կլիմայական ներդրումների հիմնադրամի (ԿՆՀ՝ CIF) կողմից:

Գործարարները կարող են նույնականացնել Հայաստանում առկա տիպիկ կանաչ տեխնոլոգիաները ԿՏՖԾ՝ GEFF Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։ Ինեկոբանկը կենտրոնանում է անհատ հաճախորդների, փոքր և միջին շուկայի բիզնեսների և խոշոր կորպորացիաների վրա և առաջարկում բանկային ծառայությունների ամբողջական տեսականի:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Կանաչ ֆինանսավորման հասանելիության բարելավումը մեր հիմնական գերակայություններից մեկն է Հայաստանում: Ինեկոբանկի հաճախորդների ամուր բազան հնարավորություն է տալիս իրազեկել մասնավոր հատվածի խաղացողներին Երևանում և Հայաստանի մարզերում: Մենք հանձնառու ենք օգնել ֆիրմաներին և բնակիչներին կրճատել իրենց կողմից էներգիայի սպառումը և այդպիսով ավելի մրցունակ դառնալ»:

«Մեզ համար պատիվ է շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ և ևս մեկ անգամ հաստատել մեր հանձնառությունը Հայաստանում կանաչ ֆինանսավորման խթանման գործում»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

ԿՏՖԾ՝ GEFF ծրագիրը նպաստում է Հայաստանում կանաչ տնտեսության կառուցմանը`աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը ՎԶԵԲ-ի՝ Դեպի կանաչ տնտեսություն անցման (GET) մոտեցմանը համահունչ։ ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է:

Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո 187 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը դեպի կայուն, կանաչ տնտեսություն:

2006 թվականից ի վեր ՎԶԵԲ-ը ավելի քան 36 միլիարդ եվրո է հատկացրել կանաչ տնտեսությանն անցումը խթանող ծրագրերի իրականացմանը իր գործունեության տարածաշրջաններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել