Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը․ կունենանք մի շարք տարբերակներ․ առողջապահության նախարար |tert.am|
12:49 - 12 ապրիլի, 2021

Ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը․ կունենանք մի շարք տարբերակներ․ առողջապահության նախարար |tert.am|

tert.am: Մենք վերրջին 1-2 շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ, թվերի նվազում դեռ չունենք։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների համամասնությունը բավական մեծ է։

«Այս պահին մենք ունենք մոտ 2600 ծավալված մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են, բայց այս ռեսուրսն անսահման չէ, առաջիկայում մի փոքր ավելացնելու հնարավորություն ունենք, բայց պետք է ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք»,-ասաց նախարարը՝ կարևորելով հակահամաճարակային կանոնների պահպանումը։

«Կորոնավիրուսը բավական լուրջ հիվանդություն է, թողնում է հետևանքներ, և պատվաստումը այն կարևոր միջոցառումն է, որ պետք է կանխարգելի և օգնի, որ այս համաճարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»,-ասաց նա։

Անդրադառնալով պատվաստանյութերին՝ Ավանեսյանն ասաց․ «Այս պահին մենք ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը։ Մենք նաև մեր ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքային կապի մեջ ենք և հույս ունենք, որ առաջիկայում կկնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրերը, և կունենանք նոր ներմուծումներ»,-ասաց նա։

Նախարարը հայտնեց նաև, որ Չինաստանի կառավարության հետ կա նախնական համաձայնություն, որ ՀՀ-ին դոնորության շրջանակում կտրամադրվի պատվաստանյութ, որն առաջիկայում ևս կժամանի ՀՀ։

«Այսինքն՝ ունենալու ենք մի շարք տարբերակներ»,-նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել