Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|
22:54 - 11 ապրիլի, 2021

Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|

hetq.am: Թուրքական իշխանությունները սառեցրել են իտալական Leonardo (նախկինում՝ Finmeccanica) ռազմաարդյունաբերական կոնսորցիումից ռազմաօդային ուժերի համար ուսումնական ուղղաթիռների ձեռքբերման գործարքը։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով իտալական La Repubblica պարբերականին։ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը պետք է կնքվեր առաջիկա օրերին, սակայն թուրքական կողմը հայտարարել է դրա անժամանակ սառեցման մասին։ Պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելն է։ 

Իտալական պարբերականի տվյալներով՝ ամբողջ գործարքը, որի արդյունքում AW169 ուղղաթիռները պետք է փոխարինեին Agusta-Bell 206 ուղղաթիռներին, իտալական կողմին կարող էր բերել մինչև 150 միլիոն եվրո։ La Repubblica-ն նշում է, որ վտանգի տակ են հայտնվել նաև քննարկվող տնտեսական մյուս պայմանագրերը, այդ թվում էներգետիկայի ոլորտում։ 

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ ապրիլի 8-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել էր Թուրքիայի նախագահին՝ նրան անվանելով «բռնապետ»։ Պատճառը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ կապված դիվանագիտական սկանդալն էր, երբ վերջինիս համար չէին տեղադրել աթոռ և նա ստիպված էր եղել նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից ունի առավել ցածր դիրք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել