Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|
14:22 - 02 ապրիլի, 2021

Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|

tert.am: Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ նպատակասլաց աշխատանքներ են տանում: Դրա համար մի քանի տեխնոլոգիաներ կան, ռազմի դաշտից բացի նաև ներքին պառակտություններ են սերմանում և Կարմիր շուկայի հանձնման հարցը այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է, սակայն որևէ մեկը Կարմիր շուկայի կարգավիճակը չի փոխել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Կարմիր շուկան հայկական է, Ադրբեջանին տալու, հանձնելու, կարգավիճակ փոխելու նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե եղածը պահպանվի»,-ասաց Բաբայանը:

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Թուրքիային և Ադրբեջանին որպես թշնամիներ են ընկալում, սակայն տարածաշրջանային մոտեցումները պետք է շտկվեն՝  Բաբայանը նշեց, որ քաղաքականությունը մնում է քաղաքականություն, սակայն ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը զուտ պետք է լինի տնտեսական հարթությունում:

«Բայց Թուրքիան եղել է և կմնա Հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը ու դրա մասին հենց նրանք են հայտարարում ու գործողություններով ցույց տալիս, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ցույց տվեց իր դեմքը: Լավ է, երբ ուզում ենք ուրիշ երկրների հետ մեր հարաբերությունները լավացնենք, բայց այլ հարց է, թե արդյոք այդ երկրներն ուզում են մեզ հետ հարաբերություններ լավացնել և ինչ գնով»,-նշեց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ այլ բան է, երբ թշնամին ասում է՝ Ստեփանակերտն իրենցն է, Երևանն իրենցն է և այլ բան է, երբ նման հայտարարություններ են հնչում մեր կողմից, օրինակ՝ Քարվաճառը երբեք մերը չի եղել կամ կասկածի տակ է դրվում նաև Շուշիի հայկական լինելու հարցը:

Արցախի արտգործնախարարի խոսքով՝ լուրջ բաց կա, որը եկել է տարիներ շարունակ և պետք է հստակեցնել, թե որն է Արցախ-Ղարաբաղ հասկացությունների տարբերությունները: Նա շեշտեց, որ աշխարհագրական, պատմական տարբերությունները գոնե պետք է չշեղեն այն հարցից, որ տարածքը հայկական է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել