ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|
14:37 - 26 մարտի, 2021

ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների աշխատավարձը մինչև 97,5 %-ով բարձրացնելու իշխանության որոշումը համարում են նախընտրական քայլ, իշխանական պատգամավորներն արձագանքում են՝ կոչ անելով տարանջատում չմտցնել ու քաղաքական շահարկում չանել: ԱԺ խմբակցությունների պատգամավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները խորհրդարանական ճեպազրույցներում:

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն ասաց. «Սա կարծում եմ, որ նախընտրական քայլ է իշխանության կողմից, քանի որ հատկապես ընտրական պրոցեսների ընթացքում նրանց պետք է լինելու ոստիկանների հավատարմությունը»:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը ևս այս կարծիքին էր: «Ես, իհարկե, այստեղ տեսնում եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ուղղված հստակ մեսիջ»,-նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ երբ իրենք ահազանգեր են ստանում տարբեր հիմնարկներում աշխատավարձերի հետ կապված մտահոգությունների մասին, այս ֆոնին ոստիկանների աշխատավարձերի բարձրացման գնալը, իր կարծիքով, հստակ մեսիջ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել նրանց աշխատավարձը, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը:

Պատգամավորը հիշեցրեց կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժող բժիշկների մասին, նա կողմ է, որ բոլորի աշխատավարձերը բարձր լինեն, բայց մեկ սեգմենտ առանձնացնելը՝ անտեսելով մյուսներին՝ ուսուցիչներին, բժիշկներին և այլոց, նա սխալ համարեց:

Հարցին, թե առաջնահերթությունը ո՞րն է, որ հենց ոստիկաններինը այդ համամասնությամբ բարձրացավ՝ «Իմ քայլը»-ից Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ չպետք է տարանջատում մտցնել ոստիկանների, բուժաշխատողների, զինծառայողների, ուսուցիչների և մյուս բոլոր աշխատողների միջև՝աշխատավարձի բարձրացման մասով: «Կարծում եմ, որ այդ տարանջատումը քաղաքական շահարկումների տիրույթում է»,-ասաց նա ու հավելեց, որ ոստիկանությունը, հատկապես պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում գործել է ամբողջությամբ օրենսդրության սահմաններում:

Ըստ նրա՝ տարանջատումներ մտցնելը ու քաղաքական շահարկումներ անելն ամենևին տեղին չէ: Իշխանությունը ցանկություն ունի հնարավորության դեպքում բոլորի աշխատավարձն էլ բարձրացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել