Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|
19:07 - 12 մարտի, 2021

Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|

factor.am: –Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, որ Հայաստան–Սփյուռք կապը, կարծես, թուլացել է։ Ձեր արձագանքը, խնդրեմ։

-Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է՝ մի քանի պատճառներով։ Մեկը Covid-ի համավարակն էր, որը ֆիզիկապես կտրեց Հայաստանը Սփյուռքից։ Եթե մենք զուգահեռներ անցկացնենք 2019 թվականի հետ, ապա 2020-ին այն հարյուր հազարավոր մարդիկ, երևի՝ միլիոնից ավելի մարդիկ, որոնք գալիս էին Հայաստան, չկարողացան դա անել։ Մենք էլ՝ հայաստանցիներս, չկարողացանք գնալ արտերկիր, որտեղ գտնվում է մեր Սփյուռքը։ Արդյունքում ֆիզիկական կապը կտրվեց, որն իր հետ բերեց կապի թուլացում։ Մենք փորձեցինք այդ բացը լրացնել ինտերնետի միջոցով, տարբեր ծրագրերի միջոցով, և հնարավորինս արեցինք դա։ Իհարկե, դրան հետևեց նաև պատերազմը, որը համազգային աղետալի հետևանքներ ունեցավ։ Այդ աղետից անմասն չմնաց նաև Սփյուռքը։ Մենք հիմա դեռ գտնվում ենք խորը ցնցումային հոգեբանական վիճակում՝ որպես ազգ։ Եվ սա վերաբերում է նաև Սփյուռքին։ Հետևաբար, այդ կապի վրա սա լուրջ հետևանքներ է ունեցել, լուրջ ազդեցություն է ունեցել, բայց այս իրականությունում շարունակում ենք աշխատել։ Միայն աշխատանքով կարելի է վերականգնել, ամրապնդել կապերը և արդյունքների հասնել։

–Ճի՞շտ է, արդյոք, որ վերջին շրջանում Սփյուռքից Հայաստան ուղարկվող աջակցությունը, հատկապես՝ դրամական տեսքով, նվազել է։ Կարո՞ղ ենք համեմատություն անել թվային տեսքով։

-Ես տեղյակ չեմ և չեմ տիրապետում որևէ թվային տեղեկության, որպեսզի կարողանամ հաստատել դա կամ որևէ համեմատություն անել։ Բնական է, որ պատերազմի ընթացքի հետ համեմատած՝ այդ գումարները շատ ավելի նվազ են։

-Պատերազմից առաջ և պատերազմից հետո․․․ -

Պատերազմից առաջ և պատերազմից հետո ուղարկվող դրամական աջակցության ծավալները չեմ կարող համեմատել, պարզապես տվյալները չունեմ։ Բայց գիտեմ, որ ֆինանսական հոսքերը շարունակվում են։ Թե որքանով են դրանք համապատասխանում մինչպատերազմյան փուլին, պարզապես չգիտեմ և չեմ կարող հաստատել, որ դրանք պակասել են։

-Ավելի հաճախակի են դարձել օրինակները, երբ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն անհատական օգնություն են ցուցաբերում՝ միջնորդ մարդկանց միջոցով կամ որևէ ընտանիքի հետ կապ հաստատելով։ Ինչո՞վ եք դա պայմանավորում, արդյո՞ք կա վստահության ճգնաժամ։

-Դա ես ևս կարող եմ հաստատել, դա մի բան է, որի հետ առնչվում ենք մենք, գիտենք, որ իրոք այդպես է։

-Այսինքն կա՞ վստահության ճգնաժամ։

-Իհարկե՝ կա վստահության ճգնաժամ, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ մարդիկ միշտ էլ նախընտրել են իրենց անձնական ջանքերով փոխանցել իրենց օգնությունը անհատների կամ կազմակերպությունների։ Դա միշտ է եղել, նոր բան չկա, բայց այս պահին, կրկնում եմ, պատերազմի հետևանքով կա թյուրըմբռնում կամ վստահության պակաս: Դա միանշանակ գոյություն ունի, և սա կապված է տարբեր բաների հետ, կապված է «Հայաստան» հիմնադրամի հաշվետվության հետ, որն ինքնին, դրա մասին բազում անգամներ խոսել եմ, որ հիմնականում սուբյեկտիվ է իրականում, բայց մարդիկ հաշվետվություն են պահանջում և ստանալու են այդ հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունը նրանք չէին ուզելու, եթե հաղթանակ լիներ։ Սա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ մենք պարտություն ենք կրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ factor.am-ում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել