Քաղաքական գործիչները պատճենում են Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ. Նաիրա Զոհրաբյան |tert.am|
15:02 - 06 մարտի, 2021

Քաղաքական գործիչները պատճենում են Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Լրագրողների նկատմամբ անհանդուրժողականությունը սկսվել է «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից հետո, թիրախավորում են այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, ովքեր չեն սպասարկում Նիկոլ Փաշինյանի շահը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այսպես կոչված սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո Հայաստանում լրատվամիջոցները հայտնվեցին նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի թիրախում, բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր չեն սպասարկում իշխանության շահը, ԶԼՄ-ները, որոնք ընդամենը փաստ են ներկայացնում հանրությանը և այդ փաստը հայտնվում են իշխանության թիրախում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև նշեց՝ քաղաքական գործիչները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ և դրանով իսկ պատճենում են իրենց ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը իր նախկին կոլեգաների նկատմամբ:

«Իշխանության տարբեր գործիչները անհարգալից և ցինիկ վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, ինչը մենք երեկ տեսանք Եռաբլուրում, երբ Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ցուցաբերեցին անհարգալից վերաբերմունք, նրանք ընդամենը դրանով պատճենում են Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, իրենք կրկնում են և դրսևորում են այն վերաբերմունքը, որը ցույց է տալիս իրենց ղեկավարը նախկին կոլեգաների նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

ԲՀԿ պատգամավորը շեշտեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը հարգալից վերաբերմունք դրսևորի իր նախկին կոլեգաների նկատմամբ, այդպիսի հարգալից մոտեցում կցուցաբերեն նաև քաղաքական գործիչները, պատգամավորները և պաշտոնյաները:

«Եթե Նիկոլ Փաշինյանը հարգանքով վերաբերվի լրատվամիջոցներին և լրագրողներին, «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավոր համարձակություն չի ունենա վատ խոսել լրագրողի հետ, նրանք հաշվի չեն առնում սեռ, կարգավիճակ: Մենք տեսնում ենք՝ ինչպիսի սպառնալիքներով, ուլտիմատումներով, հեգնանքով են խոսում լրագրողների հետ և նրանք դրանով իսկ կրկնօրինակում են Նիկոլի վերաբերմունքը իր նախկին կոլեգաների նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ վերջին շրջանի օրենքի նախագծերին զրպարտության և վիրավորանքի շուրջ և ընդգծեց՝ տվյալ օրենքի նախագծերը միտված են լրատվամիջոցներին զսպելու համար հատկապես այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք հաճո չեն Նիկոլ Փաշինյանին:

«Բերված օրենսդրական նախաձեռնությունները ուղղակիորեն միտված են ԶԼՄ-ների զսպելու համար, այն ԶԼՄ-ներին, որոնք անձնապես հաճո չեն Նիկոլ Փաշինյանի  քիմքին: Վերջին օրենքի նախագծերը զրպարտության և վիրավորանքի շրջանակներում աբսուրդային են, իսկ արդյունքում իշխանությունը շարունակում է պահպանել իր ամենահզոր գործիքը՝ ֆեյք ինդուստրիան և, ըստ էության, իշխանությունը ստանում է լրատվական մոնոպոլիա զրպարտելու և հայհոյելու իր ֆեյքերով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ իշխանական ֆեյքերի գործունեության մասով դիմել է Դատախազություն, բայց ուղարկված պատասխանը նրան չի բավարարել և չի գոհացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել