ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նախարարությունը:
«Մինչև ս․թ․ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը:
ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։
Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանում Կորոնավիրուսիհետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում 64 ընկերություններ կստանան պետական դրամաշնորհներ, ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամ բյուջեով՝ հետևյալ համամասնությամբ.
- մինչև 10 մլն դրամ՝ 23 ընկերություններ,
- մինչև 20 մլն դրամ՝ 41 ընկերություններ»,-ասված է հայտարարության մեջ։
comment.count (0)