Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է. երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կպարգևատրվեն |armenpress.am|
14:08 - 05 մարտի, 2021

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է. երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կպարգևատրվեն |armenpress.am|

armenpress.am։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հոբելյանական 40-ամյակը կնշվի միջոցառումներով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ կլինեն ցուցահանդեսներ, պարգևատրումներ:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ չենք պատրաստվում ճոխ միջոցառումներ կազմակերպել, բայց չենք էլ կարող մեր ուղևորներին չհիշեցնել, որ մետրոպոլիտենը 40 տարեկան է: Ինչպես գիտեք, մետրոպոլիտենում հաճախ են իրականցվում մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ: Այս ֆոնի վրա «Երիտասարդական» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում կլինեն ցուցահանդեսներ»,- ասաց Գևորգ Ավետիսյանը: Այցելուները լուսանկարների միջոցով կծանոթանան մետրոյի պատմությանը՝ սկսած շինարարությունից:

Այն աշխատակիցները, որոնք երկարամյա աշխատանքային փորձ ունեն, անպայման կարժանանան ուշադրության: Կլինեն պարգևատրումներ, շնորհակալագրերի, պատվոգրերի, մեդալների տեսքով:

1966-1970թվականներին Երևանի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: 1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: Ի պատիվ  այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեց 5 կայարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել